Կորյունի, Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի և Ոսկեդարի մեր այլ պատմիչների անունները հայտնի են բոլորին։ Սակայն այս մեծ հայրերով միայն սկսվում է միջնադարյան հայոց պատմագրություն։ Հետագա դարերում եղան տասնյակ այլ գիտնականներ, որոնց աշխատություններն անգնահատելի դեր են խաղացել հայ և համաշխարհային պատմության ուսումնասիրության գործում։ Թվենք նրանցից որոշների անուններն ու երկերը։
7-8-րդ դարեր
Հովհան Մամիկոնյան – նրա և Զենոբ Գլակի անունով մեզ է հասել «Տարոնի պատմության» աշխատությունը, որը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում 4-7 դդ. Տարոնում և Մեծ Հայքի այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Մովսես Կաղանկատվացի – կազմել է «Աղվանից աշխարհի պատմությունը» աշխատությունը, որտեղ հավաքել է Աղվանքի պատմության տարբեր դրվագներին վերաբերող մի քանի հեղինակների երկեր։ Երկը շարունակել և ամբողջացրել է Մովսես Դասխուրանցին՝ շարադրանքը հասցնելով մինչև 10-րդ դարի կես։
Փիլոն Տիրակացի – հեղինակել է ժամանակագրություն (որոշ ուսումնասիրողներ երկը վերագրում են Անանիա Շիրակացուն)։ Նաև հայերեն է թարգմանել Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմությունը»։
Անաստաս – «Վասն վանորեից որ ի քաղաքն Երուսաղեմ» երկի հեղինակն է, որ եզակի տեղեկություններ է պարունակում Երուսաղեմում 7-րդ դարում հայերին պատկանող եկեղեցական գույքի վերաբերյալ։
Արտավազդ վանահայր Երաշխավոր – գրել է Սուրբ Վահան Գողթնացու՝ արժեքավոր պատմական տեղեկություններ պարունակող վկայաբանությունը։
9-10-րդ դարեր
Հովհաննես Դրասխանակերտցի – շարադրել է հնագույն ժամանակներից մինչև 920-ական թթ. ընկած պատմական իրադարձությունները։ Հատկապես արժեքավոր է Դրասխանակերտցու «Հայոց պատմության» վերջին՝ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի դեպքերին վերաբերող մասը, որոնք հեղինակը շարադրում է որպես ականատես։
Թովմա Արծրունի – իր «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրության մեջ ներկայացնում է Հայաստանի և Արծրունիների ոստան՝ Վասպուրական նահանգի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակել են մի քանի անանուն հեղինակներ, որոնք շարադրանքը հասցրել են մինչև 1370-ական թթ։
Ուխտանես – իր «Հայոց պատմության» մեջ բացառիկ տեղեկություններ է հաղորդում 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման վերաբերյալ։
Ստեփանոս Ասողիկ – իր «Տիեզերական պատմություն» երկում ներկայացնում է Հայաստանի պատմությունն աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 1004 թ.։
Անանուն զրուցագիր – նրա երկը հայտնաբերվել և հրատարակվել 1921 թ.՝ սխալմամբ վերագրվելով Շապուհ Բագրատունուն։ Երկում ներկայացված են 9-10 դդ. Վասպուրականի մի քանի իշխանների շուրջ հյուսված պատումներ։
11-13-րդ դարեր
Արիստակես Լաստիվերցի – ներկայացրել է 1000-ից առ 1071 թ. ընկած դեպքերը։
Սամուել Անեցի – գրել է «Հավաքմունք ի գրոց պատմագրաց» (հայտնի է նաև «Ժամանակագրություն» անունով) աշխատությունը, որտեղ ներկայացնում է Արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թթ. պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։
Մատթևոս Ուռհայեցի – իր «Ժամանակագրության» մեջ շարադրել է 952-1136 թվականների դեպքերը։
Մխիթար Անեցի – շարադրել է Պարույր Սկայորդուց մինչև իր ժամանակները ընկած պատմական անքերը։ Երկից մեզ են հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները։
Վարդան Արևելցի – իր «Հաւաքումն պատմութեան» երկում շարադրել է հայոց և ընդհանուր պատմությունը Բաբելոնյան աշտարակաշինությունից մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ 12-րդ դ․ վերջի և 13-րդ դ․ պատմական իրադարձությունների նկարագրությունը։
Կիրակոս Գանձակեցի – գրել է «Հայոց պատմություն», որտեղ շարադրել է Հայաստանի և հարակից երկրների պատմական անցքերը Գրիգոր Լուսավորչի ժամանակից մինչև իր օրերը։
Մխիթար Այրիվանեցի – «Նոր պատմութիւն» ժամանակագրական բնույթի երկի հեղինակն է, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն արարչագործությունից մինչև 13-րդ դար։
Գրիգոր Ակներցի – հեղինակ է «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկի (մեզ է հասել բնօրինակով), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-73-ի իրադարձությունները)։
Սմբատ Սպարապետ – գրել է «Տարեգիրք» պատմական երկը՝ 951–1272 թթ․ Մեծ Հայքում, Կիլիկյան Հայաստանում և այլուր տեղի ունեցած քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունը։
Հեթում պատմիչ – Կղեմես Ե պապի հանձնարարությամբ գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Նրա անունով է մեզ հասել նաև «Ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։
Ստեփանոս Օրբելյան – «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության հեղինակն է, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը։
14-18-րդ դարեր
Թովմա Մեծոփեցի – գրել է «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» երկը, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները։
Գրիգոր Խլաթեցի (Ծերենց) – «Յիշատակարան աղէտից» չափածո ստեղծագործության հեղինակն է, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422-ի քաղաքական իրադարձություններին։
Առաքել Բաղիշեցի – «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմի հեղինակն է, որը գրվել է Կ.Պոլիսի՝ թուրքերի կողմից գրավման կապակցությամբ։
Աբրահամ Անկյուրացի – «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» երկի հեղինակն է (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358-ի դեպքերը)։
Սիմեոն Ապարանցի – չափածոյի է վերածել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ պատմագիրքը, որում շարադրված է եղել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։
Գրիգոր Դարանաղցի – գրել է «Ժամանակագրութիւն» երկը (1634–40 թթ.), որը ազգային եկեղեցական պատմության արժեքավոր և ստուգապատում սկզբնաղբյուր է, Հայ եկեղեցու՝ տվյալ ժամանակաշրջանի պատմության յուրօրինակ հանրագիտարան։
Սիմեոն Լեհացի – ուղեգրության հեղինակ է, որտեղ ամփոփված են Իտալիայի, Հայաստանի և Պաղեստինի քրիստոնեական սրբավայրեր կատարած ճանապարհորդության տպավորություններն ու խոհերը։ Երկը հարուստ տեղեկություններ է պարունակում հայ ժողովրդի 16-դ. վերջի 17-րդ դարի սկզբի պատմության վերաբերյալ։
Հակոբ Կարնեցի – «Տեղագիր Վերին Հայոց» երկի հեղինակ, որը պատմաաշխարհագրական և ազգագրական կարևոր տեղեկություններ է պարունակում Կարնո գավառի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի վերաբերյալ։
Առաքել Դավրիժեցի – Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը (1651–62 թթ.), որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604 թ. շահ Աբբաս Առաջինի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները։
Զաքարիա Քանաքեռցի – գրել է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար։
Աբրահամ Գ Կրետացի – «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկի հեղինակ, որտեղ շարադրել է 1734–36 թթ. Հայաստանում և հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները։
Եսայի Հասան Ջալալյան – 18-րդ դարի առաջին քառորդի Հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է նրա հեղինակած «Պատմութիւն Աղուանից»-ը (1839), որն իր ժամանակի դեպքերի նկարագրությունն է և հասնում է մինչև 1723-ը։
Աբրահամ Երևանցի – «Պատմութիւն պատերազմացն…» երկի հեեղինակն է, որն արժեքավոր աղբյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36)։
Հակոբ Ե Շամախեցի – 1743-ից կազմել է գավազանագիրք՝ շարադրելով կաթողիկոսարանի դեպքերը։
Խաչատուր Ջուղայեցի – հայկական պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքեմենյան Կյուրոս Մեծից (Ք․ ա. 550 – 530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760-1779)։
Միքայել Չամչյան – նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո։