Կոկիկ, վայելուչ է այն խոսքը, որը քերականորեն ճիշտ և միաժամանակ պարզ է կառուցված, այսինքն՝ խոսողն իր դատողություններն ու մտքերը ճիշտ է «դասավորել» և պարզ արտահայտել՝ անխաթար տրամաբանական զարգացմամբ։
Նախադասություններում բառերը միշտ պետք է կապակցել այնպես տրամաբանված, որ ո՛չ շարադասության, ո՛չ էլ հնչերանգի պատճառով չդժվարանա ստորոգման, ինչպես նաև որևէ լրացումի և նրա բուն լրացյալի հարաբերության ընկալումը։ Իսկ եթե տվյալ միտքը ծավալուն է, երբեմն ավելի լավ է այն արտահայտել առանձին նախադասություններով՝ խուսափելու համար խճճված կազմություններից։
Ցանկացած քերականական կապակցություն զարգացնելիս խոսողը չպիտի «աչքից հեռացնի» ստորոգումը (ենթակայի և ստորոգյալի կապը)՝ միաժամանակ ապահովելով նաև նախադասության հնչերանգային ռիթմը։
Համեմատենք հետևյալ երկու ձևակերպումները.
ա) Նա նուրբ կազմվածքով, բարի, խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճակատով պատանի էր։
բ) Նա նուրբ կազմվածքով պատանի էր՝ բարի, խոնարհ աչքերով, գեղեցիկ լայն ճակատով։
Երկրորդ տարբերակում լրացումներն ավելի ճիշտ են «բաշխված», նախադասությունը քերականորեն կուռ է, հնչերանգը սահուն բարձրանում է և ապա մարում, իսկ միտքն ավելի պարզ է ընկալվում, որովհետև ենթական ու ստորոգյալը չեն հայտնվել նախադասության տարբեր ծայրերում:
Առհասարակ, բառերի շարադասությունը չափազանց կարևոր է՝ նախադասությանն ավելի «հանգիստ» հնչերանգ հաղորդելու և մտքի սահուն ընկալումը ապահովելու համար։ Հանգիստ հնչերանգ ասելով՝ պետք է հասկանալ ալիքաձև հնչերանգ՝ բարձրացում-մարում, բարձրացում-մարում, այլ ոչ թե՝ բարձրացում-բարձրացում-բարձրացում և վերջում միայն՝ մարում։
Բերենք օրինակներ․
Մենք այս զրույցն ունեցանք իրար հաջորդող նեղլիկ փողոցներով ու խայտաբղետ նրբանցքներով ընթացող մեքենայի մեջ։
Մենք այս զրույցն ունեցանք մեքենայի մեջ՝ իրար հաջորդող նեղլիկ փողոցներով ու խայտաբղետ նրբանցքներով ընթանալիս։
Այգին շրջապատված էր փայտե ճաղերով եզերված աղյուսե ցանկապատով։
Այգին շրջապատված էր աղյուսե ցանկապատով՝ եզերված փայտե ճաղերով։
Ես մատնացույց արեցի փողոցի հանդիպակաց կողմով դանդաղ քայլող և անհանգիստ շենքերի համարները զննող ամրակազմ, հասարակ հագուկապով տղամարդուն։
Ես մատնացույց արեցի փողոցի հանդիպակաց կողմով դանդաղ քայլող տղամարդուն․ ամրակազմ, հասարակ հագուկապով՝ նա անհանգիստ զննում էր շենքերի համարները։
Բնակարանը բաղկացած էր երկու ննջասենյակից և զույգ լայն պատուհաններով, հաճելի կահավորմամբ մի լուսավոր ու ընդարձակ հյուրասենյակից։
Բնակարանը բաղկացած էր երկու ննջասենյակից և մի լուսավոր ու ընդարձակ հյուրասենյակից՝ զույգ լայն պատուհաններով, հաճելի կահավորմամբ։
Սա բժշկաիրավական ոլորտի՝ վերջին տարիների ամենագործնական բացահայտումն է։
Սա վերջին տարիների ամենագործնական բացահայտումն է բժշկաիրավական ոլորտում։
Շարահյուսական կանոնները չպահպանելու պատճառով հաճախ էլ պատահում է, երբ խոսելիս ակամա շեղվում ենք մտքից և այն չավարտած՝ ասես մի նոր նախադասություն ենք սկսում նույն միտքը շարունակելու համար։ Ահա այդպիսի մի օրինակ. «Նա, ով չի կարողանում վճռորոշ պահերին արագ որոշում կայացնել, ոչ ոք այդպիսի մարդուն առաջնորդի դեր չի վստահի»։Այս նախադասությունը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. «Ոչ ոք առաջնորդի դեր չի վստահի այն մարդուն, որը վճռորոշ պահերին չի կարողանում արագ որոշում կայացնել»։
Խոսքը կառուցելիս երբեմն անհրաժեշտ է պարզ ուշադրություն՝ մտքային սխալներ թույլ չտալու համար։ Օրինակ՝ «Առաջին պարտեզի ծաղիկներն ավելի փարթամ էին երկրորդ պարտեզից»։ Այստեղ համադրության սխալ կա, որից խուսափել կարելի էր՝ նախադասությունը կազմելով այսպես․«Առաջին պարտեզում ծաղիկներն ավելի փարթամ էին, քան երկրորդում»։
Հարկավոր է բացառել նաև ձգձգված կամ կրկնվող խոսքը, երբ նույն միտքը հնարավոր է արտահայտել ավելի հակիրճ և ամփոփ (եթե միայն տվյալ կրկնությունը հատուկ չի կատարվել՝ հեգնական, սաստկական, լիրիկական ռիթմիկ կամ մի այլ նպատակով)։
Այսպես՝ հաճախ մենք սկսել, ձեռնարկել, կարողանալ, ունակ լինել և նման այլ բայերի հետ լրացմանը զուգահեռ գործածում ենք մեկ այլ բայ նույնպես, մինչդեռ դրա կարիքը չկա, երբ տվյալ լրացումն ինքնին բայանուն գոյական է կամ գործածվում է իր բայանվանական նշանակությամբ։ Օրինակ՝ «սկսեցին իրականացնել պեղումները» ասելու փոխարեն կարող ենք պարզապես ասել՝ «սկսեցին պեղումները», փոխանակ ասելու՝ «ունակ է նման սխրանքի դիմելու», ասել՝ «ունակ է նման սխրանքի» և այլն։
Երբեմն, եթե նախադասության մեջ զեղչումներ չանենք, ավելորդաբանություն է ստացվում։ Օրինակ՝ «Նա թեքեց իր գլուխը և ուշադիր նայեց իր ընկերոջը»։ Այս միտքը կարելի էր ձևակերպել այսպես․«Նա թեքեց գլուխը և ուշադիր նայեց ընկերոջը»։ Սակայն երբեմն էլ, հակառակը, փութկոտ զեղչումները կարող են հանգեցնել նախադասության քերականական պատկերի անլիարժեքության։ Օրինակ՝ «Նա սիրում էր Դիլիջանը և տեղափոխվեց ապրելու»։ Հայերենն այստեղ անպայման պահանջում է տեղի պարագան, և նա խադասությունը ճիշտ կստացվի այսպես․ «Նա սիրում էր Դիլիջանը և տեղափոխվեց այնտեղ ապրելու»։
Եվ վերջում անդրադառնանք այսօր շատ տարածված մի լեզվական խնդրի, որի մասին քիչ է խոսվում։ Երբ պատմողական բովանդակության հեղինակը չափից շատ է վախենում՝ չլինի՞ թե շարադրանքը գրական չստացվի, իրականում հետևանքը լինում է այն, որ խոսքը, հատկապես գեղարվեստական խոսքը զրկվում է թթվածնից, վերածվում անշունչ վարչական փաստաթղթի։ Այսպես՝ հայերենը չունի «ձեռք առնել» դարձվածք․ ունի «ձեռ առնել» դարձվածք, որը «գրականացնելով»՝ ոչինչ չենք ստանում պատկերի ճշմարտացիության տեսանկյունից։ Ավելի լավ է արտահայտությունը փոխարինել «ծաղրել» բառով, քան թե այն դարձնել «ձեռք առնել»։ Նույն կերպ՝ պետք չէ ասել․ «Մեկ հարց տամ»։ Պետք է ասել․ «Մի հարց տամ»։ Պետք չէ ասել․«Միքայելը ցանկացավ դուրս գալ, այնուհետև նա մտափոխվեց»։ Պետք է ասել․ «Միքայելն ուզեց դուրս գալ, հետո միտքը փոխեց»։ Այսինքն՝ միշտ հարկավոր է հետևել խոսքի բնականությանը։
Նշան Աբասյան