Խորենացու «Հայոց պատմությունը»

Այս գիրքը նա գրել է Սահակ Բագրատունու խնդրանքով, որ, ինչպես բանասիրությունը ենթադրում է, այն Բագրատունի իշխանն է, ում Վահան Մամիկոնյանն ու նրա համախոհ ընկերները ապստամբության սկզբում հայտարարեցին Հայաստանի մարզպան, և որը ճակատամարտերից մեկում սպանվեց մոտ 482 թվին։ Գրվածքի ընթացքում հեղինակը հաճախ դիմում է իր մեկենասին՝ նրա խնդրածների վերաբերմամբ այս կամ այն պատասխանը տալով, որից կարելի է եզրակացնել, որ Պատմահայրը իր գրածները մաս-մաս ուղարկում էր նրան՝ առանց սպասելու իր գործի ավարտին։

Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր՝ «Հայոց մեծերի ծննդաբանությունը», «Միջին պատմություն մեր նախնիների», «Մեր հայրենիքի պատմության ավարտը»։

Առաջին գիրքը հայ ժողովրդի կազմավորումից է սկսում Հայաստանի բուն պատմությունը` այն կապելով Հայկի և Արամի հետ։ Հայերի ու հարևան ժողովուրդների ռազմաքաղաքական փոխհարաբերություններին հեղինակն անդրադարձել է առանձին գլուխներով։ Երվանդունիների դինաստիայի մասին ևս արժեքավոր տեղեկություններ է հաղորդում։ Երկրորդ գիրքն ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքն արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, վախճանը Սահակի (439 թ.) ու Մեսրոպի (440 թ.)։

Խորենացին օգտվել է օտար ու հայկական մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ առավել քան 40 սկզբնաղբյուրներից: Օտար սկզբնաղբյուրներից են Աստվածաշունչը, Հոﬔրոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեփոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկզբնաղբյուրներից են Մար Աբաս Կատինայի (Ք. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները», ինչպես նաև «Հյուսուﬓ պիտոյից»: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները:

Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործություններ, նախարարական տոհﬔրի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն:

Նյութական սկզբնաղբյուրները Խորենացու նկարագրած քաղաքներն ու բնակավայրերն են, լեզվական աղբյուրները՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք հեղինակը ստուգաբանել ու ﬔկնաբանել է պատմական իրադարձությունների տեսանկյունից:

Երկի հնագույն ընդօրինակություններից ﬔզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1695-ին, Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889-ին՝ Խորեն Ստեփանեի փոխադրությամբ: 1940 թ-ին Ստեփանոս Մալխասյանցը հրատարակել է նոր և գիտական փոխադրությունը, որը վերահրատարակվել է մի քանի անգամ: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:

Սուրբ Մովսես Խորենացին գիտնականի պատասխանատվությամբ և միաժամանակ հայրենանվեր քրիստոնյա հեղինակի բծախնդրությամբ է շարադրել իր ամեն մի տողը։ Նա չի վախեցել անձնական հեղինակային մեկնաբանություններից ու գնահատականներից, բայցև իր հայտնած ամեն մի փաստի համար համապատասխան աղբյուրի հղում է ներկայացրել։

«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու պատմության պարբերականացման սկզբունքով, շեշտված հայրենասիրական ուղղվածությամբ դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Այն ﬔծապես նպաստել է հայ ազգային մտածողության զարգացմանը և բարոյական ոգու զորեղացմանը:

Շքեղ է նաև Պատմահոր շարադրանքի լեզուն․ բարեգնաց գետ, վարսագեղ ծառեր, գինեբեր այգիներ, վայելչացած այր․ սրանք միայն մի քանիսն են Խորենացու գործածած գեղեցիկ մակդիրներից։ Նրա ոճը հարուստ է նաև ուշագրավ շարահյուսական կապակցումներով, մտքի պարզությունն ու գեղեցկությունն ի ցույց դնող ձևակերպումներով։

Ահա, օրինակ, դրվագը, երբ նկարագրվում է հայոց Տիգրան Երվանդունի արքան․ «Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր աշխարհին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր [հատկություններով], որ պիտանի են մարդուն: Եվ այս գրքում ի՞նչ կա ինձ ավելի սիրելի, քան սրա մասին եղած գովեստներն ու պատմությունը երկարել: Նա, ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով, ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»։

Մովսես Խորենացու մատյանն օրինակ ու չափանիշ է եղել ﬕջնադարյան հայ պատմագիրների համար, բազﬕցս ընդօրինակվել է և ﬕնչև 19-րդ դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք:

Հավանեցի՞ր. տարածիր