Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ արշավանքը անցավ Հայաստանի կողքով: Բայց և այնպես Եփրատն անցնելիս նա պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհ ձեռնարկեց, սակայն ամրոցը մնաց անառիկ: Չորրորդ օրը բերդի աշտարակից հայերը կախեցին ասրափայլ մի լավաշ:
– Հայերը անձնատուր են լինում, – զեկուցեցին զորավարին:
– Ինչպե՞ս, – հարցրեց Ալեքսանդր Մակեդոնացին։
– Նրանք լավաշ են կախել բերդի աշտարակից:
– Լավաշն ի՞նչ բան է:
– Հայկական նրբաթերթ հաց:
– Անձնատուր լինողը սպիտակ դրոշ կկախի և ոչ թե լավաշ: Նրանք հաշտություն ու խաղաղություն են առաջարկում: Հայերն ուզում են ասել, թե մարդն աշխարհ է եկել հաց ուտելու ու ապրելու և ոչ թե զենք վերցնելու ու կռվելու համար:
– Հիմա ի՞նչ անենք, զորապե՛տ:
– Վերացրեք պաշարումը և շարժվեք առաջ: Թող հացապաշտ հայերը վայելեն իրենց հացն ու խաղաղությունը: Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել: Աստվածները յոթ տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ: