Ամանորը հայոց մեջ

Հայերը հնում տարվա սկիզբը կապել են Հայկ նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ, որը, Ղևոնդ Ալիշանի հաշվումներով, տեղի է ունեցել Ք․ ա․ 2492 թ․ օգոստոսի 11-ին կամ, ըստ հայկական տոմարի, նավասարդի 1-ին։

Տոնը հայտնի էր մի քանի անունով՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Նոր տարի, ինչպես նաև Կաղանդ (Կաղինդ, Կալոնտար), որ թարգմանաբար նշանակում է տարեմուտ:

Ավելի ուշ Ամանորը որպես համայնքային տոն նշվում էր նոյեմբերի կեսերին՝ աշնան բերքահավաքից հետո, Մեծ Հայքի մի քանի նահանգում՝ Սյունիք, Արցախ, Ուտիք։ Բացօթյա տարածքներում երգ-երաժշտություն էր հնչում, կազմակերպվում էին պարեր, զվարճանքներ՝ պատի վրա գցվող ստվերների խաղ, հանելուկներ, շուտասելուկներ և այլն:

Ամանորի խորհրդանիշը Կաղանդ պապն էր, որը մարդկանց ուղղում էր յոթ տոնական մաղթանքներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Նույն արժեքների մասին է հիշեցնում նաև տոնածառը՝ խորհրդանշելով դրախտի Կենաց ծառը (չշփոթել բարի և չարի գիտության ծառի հետ), իսկ նրա գագաթի աստղը հիշեցնում է ավետարար Բեթղեհեմյան աստղը։

Հետագայում քրիստոնյա աշխարհն Ամանորը կապեց Քրիստոսի ծննդի հետ՝ այն նշելով արդեն հունվարի 1-ին՝ Փրկչի ծննդյան ամիսը համարելով տարվա սկիզբ։ Եվ քանի որ տոնը ընկնում է Սուրբ Ծննդյան պահքի շրջանում, հայկական սեղաններին դրվում էին միայն պահոց ուտեստներ։ Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Հայկական ամանորյա սեղանի հիմնական բաղկացուցիչներն էին չոր ու թարմ մրգերը, չամիչն ու ընդեղենը։

Ամանորին կարևորվում էին հոգու և մարմնի, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությունը (տան, գոմի, այգու, մառանի): Պարտադիր էին պարտքերի վերադարձը, գժտված ընտանիքների հաշտեցումը, միմյանց նկատմամբ բարյացակամության դրսևորումը։ Այստեղից է գալիս փոխադարձ տնայցերի ավանդույթը, որ հայերի մեջ պահպանվում է մինչ օրս։

Հավանեցի՞ր. տարածիր