Բաբելոնի կախովի այգիները

Հին աշխարհի նշանավոր հրաշալիքներից մեկը համարվող Բաբելոնի կախովի այգիները տեղավորված էին չորս հարկաշարքերից բաղկացած ընդարձակ աշտարակի վրա: Յուրաքանչյուր հարկաստիճանի մեջ տեղադրված մոտ 25 մ բարձրությամբ քարե սյուներն ավարտվում էին հզոր մույթերով, որոնց վրա աղյուսե ամուր կամարներ էին կառուցված: Հարկաշարքերի հարթակները կառուցված էին զանգվածեղ քարասալերով: Վերևից դրանք ծածկված էին եղեգնի շերտով ու նավթաշատ Միջագետքի հանքավայրերից բերված ասֆալտի լցոնով: Հետո սկսվում էր գիպսաշաղախով երեսպատված երկշարք աղյուսածածկը: Աղյուսները ծածկված էին հեռավոր հյուսիսից բերված անագաթիթեղներով, որպեսզի հողի միջով ջուրը չներծծվեր ու չներթափանցեր այգիների ստորին հարկերը: Այդ ամբողջ բարդ ու անջրանցիկ կառուցվածքի վրա փռված էր բավարար հաստությամբ պարարտ ու բերրի հողաշերտ, որպեսզի դրանում աճեցվեին հազվագյուտ ծառեր, թփեր ու ծաղիկներ: Այգիների հարկաշարքերը բարձրանում էին քարե սանդուղքներով:

Հեքիաթային գեղեցկություն ունեին մշտադալար այգիները: Հովանոցաձև գագաթներով արմավենիները երևում էին դեռ քաղաքին չհասած:

Արհեստական լեռան դրախտային այգիներն ու ծաղկաստանները ոռոգելու համար հարյուրավոր ստրուկներ ժամերով պտտեցնում էին հսկա ջրամբարձ անիվը և Եփրատի ջրերը կաշվե դույլերով հասցնում էին աստիճանաշարքերում սպասող ցնցուղավոր մշակներին:

Այգիներն ուղղված էին դեպի հյուսիս-արևմուտքից փչող զովաշունչ քամիները: Այգիների ստվերը, թարմ, բուրավետ ու զով շունչը տաք ու անտառազուրկ Միջագետքի բնակիչներին երկնային հրաշք էր թվում: Այգիների շլացուցիչ գեղեցկությունը դարերով գերել է տեսնողներին:

Դարեր անցան: Երբեմնի մարդաշատ ու աշխույժ քաղաքը սկսեց անկում ապրել ու դատարկվել: Ջրհեղեղը քանդեց Նաբուգոդոնոսոր II-ի պալատի պատերը: Ջուրն աստիճանաբար փափկացրեց վատ թրծած կավե կամ հում աղյուսով շարված պատերը: Հողահարթակները, սյուներն ու կամարները, որոնց վրա փարթամորեն աճել ու տարածվել էին մշտադալար տունկերը, խարխլվեցին ու փլվեցին:

Միայն ականատես պատմիչների ու ճանապարհորդների նկարագրություններով կարելի է պատկերացում կազմել Բաբելոնի փառահեղ անցյալի վկաների՝ պարիսպների, աշտարակի, տաճարների, շենքերի, ջրանցքների, փողոցների ու կախովի այգիների մասին: Սերնդեսերունդ փոխանցվող բանավոր պատումների արդյունքում Բաբելոնի կախովի այգիների կառուցման պատիվը վերագրվեց Ասորեստանի թագուհի Շամմուրամաթին (Շամիրամ, Սեմիրամիս, Ք. ծ. ա. մոտ 811–806 թթ.), որն իրականում Նաբուգոդոնոսոր II-ից շատ ավելի վաղ էր թագավորել:

Բաբելոնի հրաշագեղ կախովի այգիները մարդկային հանճարեղ մտքի, խոր գիտելիքների, հմուտ վարպետների ու անխոնջ մշակների աշխատանքի հիասքանչ արդյունքն էր:

«Հին աշխարհի 7 հրաշալիքները․ զանազանք և հայկականք»
(հեղ․՝ Ա․ Մալոյան, Մ․ Մակարյան)

Հավանեցի՞ր. տարածիր