Գովք լռության

Ոմն եղբայր հարցրեց ծերին, թե ի՛նչ է լռությունը, և ո՛րն է նրա օգտակարությունը: Եվ ծերը նրան ասաց.
– Լռությունն այն է, երբ մեկը լռությամբ և Աստծո երկյուղով նստում է իր սենյակում և խուսափում է հիշաչարությունից ու բարձրամտությունից: Այսպիսի լռությունը ծնում է արիություն և մենակյացին պաշտպանում է թշնամու բոլոր հրացայտ նետերից` աներկյուղ պահելով նրա հարվածներից:
Ո՜վ լռությունս, սանդուղք դեպի երկինք,
ո՜վ լռություն, առաքինությունների մայր,
ո՜վ լռություն, ապաշխարություն ընդունող,
ո՜վ լռություն, մեղանչածների հայելի,
որ ցույց ես տալիս մարդկանց իրենց գործերը:
Ո՜վ լռություն, հեզության մայր,
ո՜վ լռություն, արցունքների ու հառաչանքների նպաստացուցիչ,
ո՜վ լռություն, նվաստության տաղավար,
ո՜վ լռություն, որ խաղաղություն ես բերում մարդուն,
ո՜վ լռություն, հոգու փայլեցուցիչ,
ո՜վ լռություն, հրեշտակների կցորդակից,
ո՜վ լռություն, մտքի լուսավորություն,
ո՜վ լռություն, որ Աստծո երկյուղին ես լծորդ,
մտքերի տեսուչ և դատաստանի ցավակից:
Ո՜վ լռություն, բոլոր բարիքների ծնող,
պահեցողության ջանք, լեզվի երասան և որկրամոլության արգելք։
Ո՜վ լռություն, աղոթքների մեջ հանդարտեցնող,
ընթերցումների մեջ հանգստացնող,
անդորր նավահանգիստ, անխռով հանգստարան:
Ո՜վ լռություն, աղաչանք առ Աստված, երիտասարդների զենք,
մտքերի անպղտոր պահապան, անխռով ուղղորդիչ:
Ո՜վ լռություն, քաղցր լուծ և թեթև բեռ,
որ հանգստացնում և թեթևացնում ես նրան,
ով վերցրել է քո բեռը:
Ո՜վ լռություն վայելչագեղ սրտերի և անձանց,
ո՜վ լռություն, որ քո մեջ միայն Քրիստոսին ես հիշեցնում
և աչքի առաջ ունես մահը:
Ո՜վ լռություն, աչքերի ու լեզվի զսպող պախուրց,
ո՜վ լռություն, օր ու գիշեր Քրիստոսին հետևող
և լապտերն անշեջ պահող,
քանզի միայն նրան ես հարազատաբար տենչում և սաղմոսում.
«Պատրաստ է իմ սիրտը, Աստվա՛ծ իմ, պատրաստ է իմ սիրտը»:
Ո՜վ լռություն, գրգռությանը անվարժ,
հառաչանքներ արձակող դեպի Նա, Ով ստեղծեց քեզ,
ո՜վ լռություն, լրբությունն ատող և Քրիստոսից հանապազ զգուշացող:
Ո՜վ լռություն, անդաստան Քրիստոսի,
ո՜վ լռություն, բարեպաշտության մայր,
ո՜վ լռություն, չարչարանքների կապանք,
ո՜վ լռություն, կենաց ծառ, բարության պտուղ տվող:
Այո՛, այո՛, եղբա՛յր, արա՛ այս ամենը՝ ամեն ինչում հիշելով մահը:

«Վարք սրբոց հարանց» (Էջմ․, 2016 թ․)

Հավանեցի՞ր. տարածիր