Զևսի արձանը

Պելոպոնես թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ Էլիսում էր գտնվում Հելլադայի (Հին Հունաստան) ամենանշանավոր սրբավայր Օլիմպիա քաղաքը, և յուրաքանչյուր հույն իրեն երջանիկ էր համարում, եթե հաջողում էր գեթ մեկ անգամ այցելել Օլիմպիա:

Օլիմպիան հռչակված էր Զևսի հրաշակերտ տաճարով, որտեղ գտնվում էր ոսկեձեռիկ քանդակագործ Ֆիդիասի կերտած՝ Զևսի փառահեղ արձանը: Մի քանի տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում էր Ֆիդիասը ստեղծել իր գլուխգործոցը՝ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:

Սրբազան Ալթիս վայրում, որտեղ գտնվում էին Օլիմպիայի նշանավոր սրբությունները, կենտրոնական հրապարակում վեհորեն սպիտակին էր տալիս Զևսի բազմասյուն մարմարե տաճարը (34 սյուներ, երկայնակի՝ 13-ական սյուներ, լայնակի՝ 6-ական սյուներ): Սյունազարդ տաճարի երկարությունը մոտ 64 մ էր, լայնությունը՝ մոտ 28 մ, իսկ սրահի բարձրությունը՝ մոտ 20 մ: Գեղակերտ հոյաշեն սյուներն ու հաստաբեստ պատերը տաճարին տպավորիչ վեհություն ու պարզություն էին հաղորդում: Տաճարի գլխավոր ճակատը զարդարում էր հաղթանակի աստվածուհի թռչող Նիկեի ոսկեձույլ արձանը, իսկ անկյուններում դրված էին ոսկեզօծ բրոնզե եռոտանիներ՝ գավաթներով: Արևելյան և արևմտյան ճակատները զարդարված էին առասպելական տեսարանների քանդակներով: Ամբողջ տաճարը ծածկված էր մարմարե ճերմակաթույր սվաղով, իսկ հատակը պատված էր հոյաշեն խճանկարներով: Տաճարի դահլիճը, որի խորքում գտնվում էր Զևսի հսկայակերպ արձանը, երկշարք սյուներով բաժանված էր երեք մասի:

Շանթառաք Զևսը բազմած էր ճոխ զարդարված գահին: Արձանն ուներ մոտ 17 մ բարձրություն, իսկ Զևսի գլուխը համարյա հպվում էր առաստաղին: Զևսի մարմնի վերնամասը մերկ էր, ներքևի մասը՝ փաթաթված թիկնոցով: Աջ ձեռքում նա պահում էր Նիկե աստվածուհու արձանիկը, իսկ ձախում՝ ոսկեզօծ գոհարազարդ գավազանը՝ պսակված Զևսի սրբազան թռչնի՝ արծվի քանդակով: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված պսակը:

Հսկայական արձանը Ֆիդիասը քանդակել էր ոսկուց և փղոսկրից: Իր վեհությամբ Զևսի պատկերը տպավորիչ էր՝ աստվածային հզորության դրոշմով, նրա դեմքն արտասովոր հմայք ուներ, ասես անհուն իմաստնություն, բարություն ու խաղաղություն էր ճառագում:

Հսկայական արձանը հնարավոր եղավ ստեղծել շատ ժամանակ ծախսելու և ահռելի աշխատանք կատարելու շնորհիվ: Իհարկե, Ֆիդիասին օգնեցին նաև աշակերտները, ինչպես նաև փղոսկրի վրա փորագրող, դրվագագործ, ատաղձագործ ու քարագործ վարպետները: Զևսի մարմնի հիմնական մասերը, որոնք պետք է մերկ լինեին, կերտվել էին փայտից, ու դրանց վրա փակցվել էին հղկված փղոսկրի բարակ թիթեղիկներ: Արձանի այն մասերը, որոնք ծածկված էին թիկնոցով, պատված էին դրվագազարդ ոսկու նուրբ շերտերով: Զևսի գահը նույնպես պատրաստվել էր ոսկուց և փղոսկրից: Արձանի՝ ոսկե սանդալներով ոտքերը հպված էին ոսկե առյուծներով զարդարված աթոռակին: Զևսի ոտքերի մոտ հանճարեղ քանդակագործը թողել էր հետևյալ մակագրությունը. «Ինձ ստեղծել է Քարմիդասի որդի աթենացի Ֆիդիասը»:

Զևսի և օլիմպիական մյուս աստվածների տաճարները կործանվեցին Հունաստանում հաճախակի տեղի ունեցող ավերիչ երկրաշարժերի հետևանքով: Հետագայում՝ սկսած XIX դարից, Օլիմպիայում պեղումներ սկսվեցին: Օլիմպիան՝ աստվածների ու հաղթողների «սրբավայրը», որտեղ ուժեղ, խիզախ ու նպատակասլաց մարզիկները, հաղթելով իրենց մրցակիցներին, նվաճում էին համաժողովրդական ակնածանք ու փառք, արթնանում էր դարավոր քնից ու մոռացումից, մարդկանց պատմում իր վեհաշուք անցյալի մասին: Հնադարյան հեղինակների նկարագրությունների և հնագույն մետաղադրամների վրայի դրվագումների շնորհիվ հնագետ գիտնականներն ու կերպարվեստագետները կարողացան լիովին վերականգնել Ք. ծ. ա. V դ. կեսերին հույն ճարտարապետ Լիբոնի կառուցած նշանավոր տաճարի և Ֆիդիասի կերտած արձանի ամբողջական տեսքը: Պեղված ճարտարապետական հուշարձաններից հայտնաբերված բազմաթիվ քանդակազարդ քարերի ու բեկորների մեջ հնագետներն այդպես էլ չգտան Զևսի արձանի և ոչ մի մնացորդ: Ֆիդիասի ստեղծած հրաշալիքը, շուրջ 1000 տարի Զևսի տաճարում կանգուն մնալուց հետո, V դարի սկզբներին տեղափոխում են Կոստանդնուպոլիս: Բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ի (408–450 թթ.) օրոք կայսերական պալատի հրդեհի ժամանակ հրո ճարակ է դառնում ու ոչնչանում նաև Հին աշխարհի հրաշալիք Զևսի արձանը:

«Հին աշխարհի 7 հրաշալիքները․ զանազանք և հայկականք»
(հեղ․՝ Ա․ Մալոյան, Մ․ Մակարյան)

Հավանեցի՞ր. տարածիր