Ինչպես ելույթ ունենալ

Բանավոր հրապարակային ելույթները այսօր սովորական երևույթ են մեր կյանքում։ Յուրքանչյուրը պետք է կարողանա ելույթ ունենալ հավաքույթների ժամանակ, իսկ գուցեև՝ բանախոսություններ ու զեկուցումներ կարդալ։

Դարեր շարունակ հազարավոր աշխատություններ են գրվել հռետորաբանության և հռետորների մասին։ Կարիք չկա այստեղ կրկնելու այն ամենը, ինչ հայտնի է այդ արվեստի վերաբերյալ։ Կասեմ միայն մեկ բան՝ ամենապարզը․ որպեսզի ելույթը հետաքրքիր լինի, հենց իրեն՝ խոսողին պետք է հետաքրքիր լինի ելույթ ունենալը։ Նրան պետք է դուր գա իր տեսակետը մատուցելը, լսարանին ապացուցելը դրա ճշմարտացիությունը։ Բանախոսության նյութը նախևառաջ բանախոսի համար պետք է գրավիչ լինի, ինչ-որ տեղ՝ անգամ հմայիչ։ Ելույթ ունեցողը պետք է «գերված» լինի իր ընտրած թեմայով և նույն հետաքրքրությունն արթնացնի լսողների մեջ, ստիպի նրանց զգալ իր ոգևորությունը։ Միայն այդ դեպքում ունկնդրելը հետաքրքիր կլինի։

Եվ մի բան էլ․ ելույթում չպետք է հնչեն մի քանի հավասարազոր մտքեր, գաղափարներ։ Յուրաքանչյուր ելույթ պիտի ունենա մեկ առաջնային գաղափար, մեկ միտք, իսկ մյուսները պիտի բխեն դրանից։ Այդ ժամանակ ելույթը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև հիշվող։

Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, միշտ խոսեք բարու դիտակետից։ Նույնիսկ եթե ելույթը նվիրված է ինչ-որ այլ գաղափարի հերքմանը, ջանացեք ձեր մտքերը կառուցել հիմնվելով այն դրականի վրա, որ կգտնեք ընդդիմախոսի ասելիքում։ Հանրային ելույթը միշտ պետք է լինի հանրային դիրքից։ Այդ դեպքում այն ընդունելության կարժանանա։

Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
Թարգմանությունը ռուսերենից՝ Ն․ Աբասյանի

Հավանեցի՞ր. տարածիր