Խիզախների նահանջը

․․․․Բայց ինչպե՞ս է կարելի մեր միջի այդ օտար վայրենու դեմն առնել: Ո՞վ կարող է հանգստության ու իմաստության կոչեր անել մեկին, որն արդեն էլեկտրականացված մարտադաշտում է: Մյուսը գոնե թող ողջամիտ մնա և չվրդովվի իրեն ուղղված վիրավորանքից, որ դիմացինի շուրթերից հնչում է ուժգին կատաղության պահին: Բարկության ու կռվի խոսքերը չպետք է լուրջ ընդունենք: Եթե նույնիսկ ճշմարտության հիման վրա են ասվում, չափազանցությունը հեռացնում է դրանք իրականությունից: Կատաղած մարդը չի վիրավորում մեզ, կարիք չկա պատասխան հարված հասցնելու, որպեսզի ցույց տանք մեր խիզախությունը, պահպանենք մեր արժանապատվությունը: Խիզախություն ու արժանապատվություն են սառնասրտությունը, զսպվածությունը, խոնարհությունը: Այս ամենը դժվար է, բայց դա է արդյունավետ: Քչերն ունեն այդպիսի առաքինություններ ու հատկապես այդպիսի կարողություններ, այդքան արիություն: Երբ մարդը կատաղում է, ամենից շատ հենց ինքն իր վրա է կատաղում, իր այն ես-ի վրա, որին չի վստահում, որով չի հիանում, որի հանդեպ նողկանք է զգում, որը լի է մեղքի զգացումով, որը տեսել է վիրավորանքներ ու արհամարհանք, որը… որը… Թողնենք նրան իր ցավի հետ: Սա է սխրագործությունը՝ նահանջը: Միայն իսկական արիները կարող են նահանջել, նրանք, ովքեր իրենց իսկապես ապահով են զգում սեփական ես-ի հետ, կամ ավելի ճիշտ՝ դա անում են մի հավատամքի համար, որն առավել մեծ արժեք ունի, քան նույնիսկ իրենց ես-ը: Նահանջել ասելով՝ նկատի ունեմ տենդի պահին նահանջելը: Երկխոսությունը, փոխըմբռնման փորձը, մեր դիրքորոշումը հաստատելը կամ անհրաժեշտաբար հեռանալը, երբ տարաձայնության վիհի վրա կամուրջ գցել այլևս հնարավոր չէ, թող շատ ավելի հետո լինեն՝ այն ժամանակ, երբ բարկությանը կհաջորդեն որոշակի հանդարտությունն ու ինքնաքննադատությունը: Եվ դիմացինի խոնարհությունը, համբերատարությունը մարդու կատաղության նոպայի ժամանակ կօգնեն, որ լարվածությունը հնարավորինս թուլանա: Նա, ով իրավացի է, չի գոռում: Թուլությունն է ձայնը բարձրացնում: Արդարի ուժն ինքնին երևում է: Բղավում են նրանք, ովքեր ուրիշ ոչինչ են կարող անել:

Որքան էլ տհաճ լինեն իշխանության ձգտողները (ամեն տեսակի իշխանության) մեր ընկերական շրջապատում, ընտանիքում, հարևանության մեջ, գրասենյակում, եկե՛ք մտածենք, որ նրանք ուզում են ինչ-որ բան ամոքել, բուժել, ծածկել, թեկուզև այդպիսի անախորժ եղանակով: Շարունակում եմ համարել, որ իշխանությունը մեզնից շատերի համար փոխարինողն է այն սիրո, որից զրկվել ենք, որ իշխանության կարիքն իրականում սիրո կարիքն է, միայն թե՝ աղավաղված, սիրո պակասը, այդ պակասի այլընտրանքային «լուծումը»: Հիշո՞ւմ եք Դիքենսի հիանալի պատմությունը Սքրուջի մասին: Մարդիկ պետք է որևէ միջոցով ուշադրություն դարձնեն մեզ, գնահատեն: Եվ քանի որ մեզ չեն սիրում, ուրեմն գոնե թող վախենան մեզնից: Սա թուլամորթի կեցվածք է, կեղծ ճանապարհ, սակայն իրական է դրա տակ թաքնված ողբերգությունը: Սա իշխանամոլի (ամեն տեսակի իշխանության տենչացողի) ենթագիտակցական խուսափումն է մենակությունից: Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարկեսը՝ բազում ընթերցողներ ձեռք բերած բազմաթիվ գրքերի հեղինակը, շարունակ ստեղծագործ աշխատանք ու հաջողություններ վայելող գերգործունյա մարդը, լրագրողի այն հարցին, թե ինչու է գրում, պատասխանում է. «Որպեսզի ընկերներս ինձ ավելի շատ սիրեն»:

Եվ դարձյալ հիշում եմ մի ոսկի մարդու՝ իմ թանկ հորեղբորը՝ հիանալի բժիշկ Յանիս Պավլակիսին (նա է կնքել իմ անունը): Նորից մտքիս գալիս է հետևյալ պատկերը. մահից մեկ տարի առաջ էր (նա մահացել է ծեր տարիքում)՝ երեկո, միասին նստած էինք նրա տանը, զանգեց կողքին դրված հեռախոսը, նա վերցրեց լսափողը, հայտնեցին, որ մահացել է Խանիայի ավագ դպրոցի իր համադասարանցիներից մեկը: Վշտաբեկ լաց լինելով՝ հորեղբայրս ասաց. «Ա՜խ, խե՜ղճը, խե՜ղճը… Շատ էի սիրում նրան, շատ… Միակն էր, ում վրա ուժս պատում էր, քանի որ այդքան փոքրամարմին էի․ մյուս դասընկերներս իմ քիթն էին կոտրում, իսկ ես այդպես նրան էի ծեծում ժամանակ առ ժամանակ…»:

Մարո Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գրքից

Թարգմանությունը հունարենից՝ Տաթևիկ Ստեփանյանի

Հավանեցի՞ր. տարածիր