Կինոյի գյուտը

Կինո-ն հունարեն բառ է. նշանակում է շարժել:

Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի Լյումիեր եղբայրներն են, որոնք 1895 թ-ին հայտնագործել են «շարժվող լուսանկարներ» ստեղծող սարքը՝ կինեմատոգրաֆը: Առաջին կինոցուցադրումը տեղի է ունեցել նույն թվականին Փարիզում:

Կինոխցիկի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է առավել որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնելով իրադարձությունների՝ մաքսիմալ ազդեցիկ տեսապատկերային վերարտադրման: Նկարահանված տարբեր կադրերի համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական էկրանային պատմություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը: Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի և կոմպոզիտորի աշխատանքը: Այսպիսով՝ եթե արվեստի շատ այլ տեսակների դեպքում տվյալ ստեղծագործության որակն ամբողջությամբ մեկ արվեստագետից է կախված (գրող, նկարիչ, կոմպոզիտոր), ապա կինոն պահանջում է իրենց գործի գիտակ մի խումբ մասնագետների համատեղ աշխատանք։
Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները.

ա. գեղարվեստական (խաղարկային), որը դերասանական արվեստի միջոցներով մարմնավորում է գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոեզիայի երկերը,

բ. վավերագրական, որը կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկումներով,

գ. մուլտիպլիկացիոն, որն ստեղծվում է նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ,

դ. գիտահանրամատչելի, որն օգտագործում է նշված 3 տեսակների միջոցները:

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907-14 թթ․: Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) ժամանակ` Կովկասյան ռազմաճակատում: Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918-20 թթ․: Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924 թ.) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925 թ.) գեղարվեստական ֆիլմերով: Հայկական կինոյի համր շրջանում (1924-35 թթ.) ստեղծվել են «Զարե», «Շոր և Շորշոր», «Կիկոս», «Գիքոր» ֆիլմերը և այլ կինոնկարներ: Առաջին հնչուն ֆիլմը «Պեպոն» է (1935 թ.)՝ հայկական կինոյի լավագույն նմուշներից:

Աղբյուրը՝ «Դպրոցական մեծ հանրագիտարանի»

Հավանեցի՞ր. տարածիր