Հայկական բանակը տարբեր դարաշրջաններում

Ուրարտական թագավորությունում արքունի մշտական բանակը կազմում էին 40 հազար հետևակային և 8 հազար հեծյալ: Թագավորական ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով: Կազմակերպված էր զենքի բոլոր տեսակների արտադրությունը: Բանակը բաժանվում էր գնդերի, գնդերը` գումարտակների, վաշտերի, գնդում կար 3 հազար զինվոր, վաշտում` 50: Գործում էին մարտունակ և արագընթաց զորագնդեր:

Արտաշեսյանների ժամանակ, մասնավորապես՝ Տիգրան Մեծի օրոք հայոց զորքում կռվում էր 300 հազար զինվոր: Հայկական զորագնդերն արշավանքներ էին իրականացնում դեպի Սելևկյանների պետության ենթակա տարածքներ: Հիշատակության են արժանի Տմորիքի համար մղված ճակատամարտը և Հռոմեական կայսրության դեմ` Արածանու ճակատամարտը:

Արշակունիների բանակը բաղկացած էր ավելի քան 124 հազար մարդուց, որից 84 հազարը նախարարական գնդերի կազմում էին՝ սեպուհական զորքում, իսկ 40 հազարը` արքունական զինվորներ էին: Արշակունիների ժամանակաշրջանի հայտնի ճակատամարտերից են` Հռանդեայի (62 թ.), Վանա լճի (337 թ.) և Ձիրավի (371 թ.) ճակատամարտերը:

Այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր նախարարական տոհմ որոշակի թվով զորք էր ներկայացնում ընդհանուր բանակի համալրման նպատակով: Պատերազմական գործողությունների ժամանակ նրանք գործում էին իրենց հատկացված թևում: Անհրաժեշտության դեպքում արքայի կամ սպարապետի հրամանով նրանք օգնում էին այս կամ այն զորաթևին:

Կիլիկիայի հայկական թագավորության բանակը կազմված էր արքունի և իշխանական գնդերից: Արքունի մշտական բանակն ուներ 12 հազար հեծյալ և 50 հազար հետևակային: Պատերազմի ժամանակ աշխարհազորի հետ միասին բանակի թվաքանակը կազմում էր 80–100 հազար զինվոր: Կիլիկյան Հայաստանն ուներ նաև ուժեղ ռազմական նավատորմ:

Հայկական բանակը կազմված էր ազատներից, ինչը ապահովում էր բարձր բարոյահոգեբանական ներուժ` նվիրվածություն ընտանիքներին, իշխաններին, թագավորին: Բոլոր հրամանատարական պաշտոնները զբաղեցրել են հայ իշխանական և թագավորական տների ներկայացուցիչները: Այդ տների բոլոր արու զավակները մանկուց սովորում էին ձիավարություն, նետաձգություն, սուսերամարտ, մշտապես մասնակցում զորախաղերի և զորամրցումների:

Հայոց բանակի մարտավարությունը հարձակողական էր` անսպասելի և բազմազան, գործողություններով, սրընթաց և անկասելի: Հայոց զորավարները նաև մշտապես կարևորում էին ճակատամարտի վայրի ճիշտ ընտրությունը և հետախուզության մշտական անցկացումը:

Հաճախ թվաքանակով զիջելով հակառակորդին՝ հայոց զորքը հաղթանակներ է տարել շնորհիվ սուր ռազմագիտական մտքի, հարձակողական խորամանկ ու չսպասված հնարքներով:

Հավանեցի՞ր. տարածիր