Հայոց լեռների արքան

Հայոց բնաշխարհի իսկական խորհրդանիշներից է կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը, որի բնակության հիմնական տարածաշրջանը հազարամյակներ ի վեր հենց Հայկական լեռնաշխարհն է եղել։ Հին հուշարձաններին էլ հաճախ ենք տեսնում ընձառյուծի պատկերը՝ իբրև իմաստության և հզորության մարմնավորում։

Վեհ տեսք ունի ընձառյուծը՝ ճարպիկ մարմնով, մկանուտ, սլացիկ։ Կենդանու երկարությունը կարող է հասնել մինչև 180 սմ, իսկ պոչը 94-116 սմ է: Հասուն արուն երբեմն կշռում է մինչև 90 կգ:
Ընձառյուծներն ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը համեմատաբար կարճ են և ամուր, թաթերը՝ լայն, ճանկերը սուր, ինչի շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։

Կովկասյան ընձառյուծի մեջքը դեղին է լինում կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, վարդաձև սև բծերով: Սակայն Ճավա կղզում, օրինակ, հանդիպում են նաև լիովին սև մորթով ընձառյուծներ։

Ընձառյուծի տեսողությունը սուր է, լսողությունն էլ զարգացած է, բայց հոտառությունից «կաղում» է։

Այսօր կովկասյան ընձառյուծը համարվում է վտանգված կենդանատեսակ՝ ներառված թե՛ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում, թե՛ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում։

Աշխարհում հաշվվում է կովկասյան ընձառյուծի ընդամենը 500-600 առանձնյակ:

Դեռ մոտ քսան տարի առաջ Հայասատում այլևս անհնար էր գտնել ընձառյուծի որևէ հետք, այնքան որ որսագողերը «լավ էին իմացել» իրենց գործը: Միայն 2006 թվականից մեր երկրում կրկին ընձառյուծներ են նկատվել։ Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ Հայաստանում, մասնավորապես՝ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ներկայիս պահին նկատվել է 7 հատ ընձառյուծ, որոնք մեր տարածք են անցել Թուրքիայից և Իրանից՝ պայմանավորված վերջին շրջանում այստեղ գրանցվող բեզոարյան այծերի՝ իրենց որսի ավելացմամբ։

Ընձառյուծներն իրենց որջը սարքում են հաստաբուն ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է կրծողներով, նապաստակներով, վայրի խոզերով, այծյամներով, եղջերուներով, նաև ձկներով: Ընձառյուծը՝ իբրև ուժեղ, ճարպիկ և զգուշավոր կենդանի, դարանակալ որսորդ է և լավ է քողարկվում։

Կովկասյան ընձառյուծները Հայաստանում զգոգավորվում են ձմռանը: Ձագերը ծնվում են ապրիլին․ ունենում են երկու կամ չորս ձագ: Հինգ ամսական ձագերն արդեն կարողանում են մանր կենդանիներ որսալ, իսկ մեկ տարեկան ընձառյուծն ունենում է հասուն էգի չափսեր՝ պատրաստ ինքնուրույն կյանք վարելու:

Հավանեցի՞ր. տարածիր