Հայոց հին գրատեսակները

ԵՐԿԱԹԱԳԻՐ։ Այսպես է կոչվում բուն հայկական գրատեսակը։ Անվանումը հավանաբար առաջացել է այն բանից, որ քարի վրա արձանագրություններ կատարվում էին երկաթե հատիչով և հենց այս հիմնական ոճով, որը փորելու և տեսանելիության առումով հարմար է վիմագրության համար։

ԲՈԼՈՐԳԻՐ։ Արտագրությունների արագության մեծացմամբ տառերն էլ աստիճանաբար դառնում էին ավելի կլորավուն (բոլոր, ոլոր), օժտվում գիրն ավելի ընթեռնելի, ճանաչելի դարձնող փոքրիկ հավելամասնիկներով՝ վեր և վար տարածվող։ Արդի գրեթե բոլոր հայերեն գրատեսակները բոլորագրի հետագա մշակման արդյունք են։

ՆՈՏՐԳԻՐ։ Ձևավորվել է արագագրության պահանջներից ելնելով և լայնորեն կիրառվել է 16-18-րդ դարերում։ Այդ ժամանակ գրվածքի առանձին բառեր, ըստ անհրաժեշտության, սկսեցին առանձնացվել երկաթագիր տառերով, այդ հանգամանքն էլ դարձավ մեծատառ – փոքրատառ տարանջատման հիմքը։
Հետագայում նոտրգիրն օգտագործվել է հիմնականում որպես ծանոթագրությունների տառատեսակ։

ԳՐՉԱԳԻՐ։ Գրիչը պատրաստվում էր եղեգնից կամ փետուրից և մի ուղղությամբ թողնում էր լայն հետք, մյուսով՝ բարակ։ Ըստ գրչի պահված դիրքի՝ լայն կարող էին ստացվել կա՛մ ուղղաձիգ, կա՛մ հորիզոնական գծերը։ Հայկական ավանդույթում լայն էին ուղղաձիգ գծերը, թեպետ երկրորդ տարբերակն ավելի հարմար էր արագ գրելու համար։

ՇՂԱԳԻՐ։ Մագաղաթի սակավության պայմաններում առօրյա գրագրության համար օգտագործում էին մոմապատ տախտակներ, որոնց վրա գրում էին շյուղով՝ սրածայր մետաղյա կամ փայտյա ձողով, որի հակառակ ծայրով էլ հարթեցնում, ջնջում էին գրածը՝ տախտակը դարձյալ օգտագործելու համար։ Սրածայր շյուղի հետքը բոլոր ուղղություններով նույն հաստությունն ուներ՝ ի տարբերություն գրչի հետքի։ Եվ հետագայում այդպես կոչվեցին նաև թանաքով կատարված գրվածքները, եթե գծերը հավասար լայնություն էին ունենում բոլոր ուղղություններով։

ԶԱՐԴԱԳԻՐ։ Գեղագրությունը հայոց գրչության անբաժանելի մասն է եղել։ Թարգմանվող կամ արտագրվող գրքի հանդեպ ակնածանքը ներշնչում էր այն զարդարել երկրաչափական գեղեցիկ լուծումներով, գրերին ծառ ու ծաղկի, կենդանիների, թռչունների նմանություն տալով։

Հավանեցի՞ր. տարածիր