Հպանցիկ հայացք «վիրավորը»

«Սյուզան.Օրիորդ Կլիֆտոն» սիրավեպը, որ պատկանում է աշխարհահռչակ գրող Հեկտոր Մալոյի գրչին, ըստ էության դուոլոգիա է: Սիրավեպը գիրք է երկու հատորով: Առաջին մասն է՝ «Սյուզան»-ը, որին հետևում է «Օրիորդ Կլիֆտոն» երկրոդ մասը: Վեպի մեկ այլ անվանում է «Վիրավորը» (Un Blessé): Վեպում նկարագրվում է մի երիտասարդի՝ Գոսլեն դ’ Արոնդելի պատմությունը: Ֆրանսիա, 1870 թվական: Գոսլենը անհոգ երիտասարդ է, այսպես ասած՝ «դարի զավակ»-ը, բոնվիվանը (bonvivant «կյանքը վայելողը») և գինաբուքների մեծ սիրահարը, ով հանկարծ հայտնվում է մեծ իրադարձությունների շեմին:

Գոսլենը ոչնչում իրեն չէր սահմանափակում և ազատորեն տրվում էր փարիզյան վեհաշուք կյանքի հաճույքներին: Նա նաև տրվում է գեղեցկուհի Սյուզան Բորդենավի գայթակղությանը, հանուն որի էլ մեկնում է ճակատամարտ: Կկարողանա արդյո՞ք Գոսլանը հաջողություններ գրանցել ճակատամարտում, կգրավի արդյո՞ք գեղեցկուհի Սյուզանի սիրտը: Այս և այլ հարցեր հետապնդում են ընթերցողին գրքի էջերին:

Գրքի հեղինակը վարպետորեն ուղեկցում է իր հերոսին՝ թալանված ու այրված երկրի տարբեր անկյուններով՝ պատմելով վերջինիս պատմությունը: Նաև ընթերցողը գնալով ավելի լավ է պատկերացնում այդ օրերի արհավիրքները, պրուսական հարձակումների արդյուքնում Ֆրանսիայում տիրող վիճակը: Գիրքը համակ ուշադրությամբ ընթերցում ես, քանի որ կա դինամիկ սյուժե, իրար հաջորդող իրադարձությունների նկարագիր: Զինվորը պատմում է իր պատմությունը և դրա միջոցով ընթերցողի աչքերի առաջ են հառնում այդ օրերի իրադարձությունները:

Գիրքը հատկապես դուր կգա պատմական սիրավեպերի սիրահարներին:

Մարիաննա Շիրոյան

Հավանեցի՞ր. տարածիր