Մարիամի զավակը

Մեծ անտառից այն կողմ ապրում էր փայտահատն իր կնոջ հետ։ Մեն-մինուճար զավակ ունեին նրանք՝ երեք տարեկան աղջիկ: Միայն թե նրանք այնքան աղքատ էին, որ անգամ օրվա հաց չունեին ու չգիտեին ինչով կերակրել երեխային: Մի առավոտ փայտահատը, հոգսերի մեջ թաղված, գնաց անտառ և հազիվ էր սկսել փայտ կոտրել, երբ հանկարծ նրա դիմաց հայտնվեց մի բարձրահասակ գեղեցիկ կին, որի գլուխը պսակված էր շողշողուն աստղերով, և ասաց.
– Ես Կույս Մարիամն եմ՝ մանուկ Քրիստոսի մայրը։ Դու աղքատ ես ու կարիքավոր․ ինձ մոտ բեր երեխայիդ, ես կվերցնեմ նրան, մայրություն կանեմ ու հոգ կտանեմ նրան:
Փայտահատը ականջ արեց նրան, բերեց երեխային ու հանձնեց Կույս Մարիամին, որն իր հետ երկինք տարավ նրան:
Լավ կյանք ուներ աղջիկն այնտեղ․ անուշահաց էր ուտում ու քաղցրահամ կաթ խմում, ոսկե հանդերձներ կրում, և հրեշտակները խաղում էին նրա հետ: Երբ նրա տասնչորս տարին բոլորեց, Կույս Սարիամն իր մոտ կանչեց նրան և ասաց.
– Իմ թանկագի՛ն զավակ, ես երկար ուղևորության եմ մեկնելու, այնպես որ ի պա՛հ վերցրու երկնային արքայության տասներեք դռների բանալիները։ Կարող ես բացել դրանցից տասներկուսն ու նայել ներսի հրաշալիքները, բայց քեզ արգելված է մուտք գործել տասներեքերորդը, որը բացվում է այս փոքրիկ բանալիով: Տե՛ս, չբացես այն, այլապես դժբախտ կլինես:
Աղջիկը խոստացավ խելոք պահել իրեն, և հենց Կույս Մարիամը հեռացավ, սկսեց հերթով աչքի անցկացնել երկնային թագավորության ապարանքները: Ամեն օր բացում էր դռներից մեկը, մինչև բոլոր տասներկուսում էլ շրջեց: Յուրաքանչյուրում նստած էր մի առաքյալ՝ մեծ լուսաշրջանով, և այս ողջ շքեղությունն ու փառահեղությունը բերկրանք էին պարգևում աղջնակին, իսկ հրեշտակները, որ մշտապես ուղեկցում էին նրան, միանում էին նրա ուրախությանը:
Եվ ահա, երբ մնացել էր միայն արգելված դուռը, աղջիկն անսահման փափագով լցվեց՝ իմանալու, թե ինչ է թաքնված դրա հետևում, ու դիմեց փոքրիկ հրեշտակներին․
– Ամբողջությամբ չեմ բացի այն ու ներս էլ չեմ մտնի․ կբացեմ միայն այնքան, որ արանքից մի փոքր տեսնենք:
– Ա՜հ, ո՛չ,- ասացին հրեշտակները,- դա մեղք կլինի: Կույս Մարիամն արգելել է բացել այն, և հնարավոր է՝ դժբախտություն բերի քեզ:
Այդժամ աղջնակը լռեց, սակայն փափագը նրա սրտում չէր լռում, այլ կրծում էր այն ու տեղը տեղին տանջում` հանգիստ չտալով:
Եվ մի անգամ, երբ բոլոր հրեշտակները դրսում էին, նա մտածեց. «Հիմա ես մեն-մենակ եմ, ի՞նչ կլիներ, եթե ներսը նայեի, չէ՞ որ ոչ ոք չի իմանա, որ նայել եմ»: Աղջնակը փնտրեց ու գտավ բանալին, իր ձեռքն առավ այն, մտցրեց ամրոցի փականի մեջ, և երբ այն խցկեց անցքի մեջ, սկսեց պտտել: Դուռը լայն բացվեց, և նա տեսավ բոցերի ու փայլերի մեջ բազմած Երրորդությանը: Մի պահ նա քար կտրեց՝ զարմացած նայելով այդ ամենին, ապա մատով թեթևակիորեն դիպավ փայլին, և մատն ամբողջությամբ ոսկու վերածվեց: Նույն վայրկյանին ուժգին մի վախ պատեց նրան, նա կտրուկ կերպով փակեց դուռն ու փախավ։
Վախը, սակայն, այդպես էլ չէր ուզում նահանջել, ինչ էլ որ փորձում էր անել, իսկ սիրտը շարունակ բաբախում էր ու դադար չէր առնում։ Ոսկին նույնպես չէր անցնում մատի վրայից, որքան էլ փորձում էր լվանալ կամ տրորելով մաքրել այն:

Շատ ժամանակ չանցած` ուղևորությունից վերադարձավ Կույս Մարիամը: Նա իր մոտ կանչեց աղջնակին և հետ պահանջեց երկնային բանալիները: Երբ աղջիկը նրան մեկնեց տրցակը, Կույսը նայեց նրա աչքերի մեջ և հարցրեց․
– Տասներեքերորդ դուռը նույնպե՞ս բացել ես:
– Ո՛չ,- պատասխանեց աղջիկը:
Այդժամ Աստվածամայրն իր ձեռքը դրեց նրա սրտին, զգաց՝ ինչպես է զարկում ու զարկում, և հասկացավ, որ իր հրամանը խախտվել է, և դուռը բացվել է: Ապա ևս մեկ անգամ հարցրեց.
– Իսկապե՞ս չես բացել:
– Ո՛չ,- երկրորդ անգամ պատասխանեց աղջիկը:
– Այդ ժամանակ Աստվածամայրը նայեց նրա մատին, որ երկնային բոցի հպումից ոսկի էր դարձել, պարզորոշ կերպով տեսավ, որ աղջիկը մեղք է գործել, և երրորդ անգամ հարցրեց նրան․
– Չե՞ս բացել այն:
– Ո՛չ,- երրորդ անգամ պատասխանեց աղջիկը:
Այդժամ Կույս Մարիամն ասաց.
– Դու չես լսել ինձ, ավելին՝ ստել ես, այլևս արժանի չես երկնքում մնալու։
Նույն պահին աղջիկը խոր քնի մեջ ընկղմվեց, իսկ երբ արթնացավ, պառկած էր ներքևում` հողի վրա՝ մի ամայի որ վայրում: Նա ուզում էր գոռալ, բայց ի զորու չէր որևէ ձայն արտաբերելու: Վեր ցատկեց ու փորձեց փախչել, բայց որ կողմ էլ թեքվում էր, բախվում էր փշե խիտ ցանկապատի, որի միջով չէր կարողանում անցնել։
Այդ խուլ վայրում, որտեղ նա շրջափակման մեջ էր հայտնվել, մի հին, փչակավոր ծառ կար, որ նրա կացարանն էր լինելու: Սողում էր նա փչակի մեջ, երբ գիշերն էր իջնում, ու քնում էր այնտեղ․ անձրևին ու փոթորկին այն ապաստան էր դառնում իրեն: Ա՛յ թե թշվառ կյանք էր սա, և աղջիկը դառն արցունք էր թափում՝ հիշելով, թե ինչ սքանչելի էր երկնքում, և ինչպես էին հրեշտակներն իր հետ խաղում:

Արմտիքն ու անտառի հատապտուղներն էին նրա միակ կերակուրը, որ կարող էր մոտակայքում գտնել: Աշնանը նա հավաքում էր թափված ընկույզներն ու տերևները և իր փչակ տանում: Ձմռանն ընկույզները սնունդ էին դառնում նրա համար, իսկ երբ ձյուն էր գալիս, և շուրջբոլորը պատվում էր սառույցով, խեղճ գազանիկի պես տերևների տակ էր սողում, որ չմրսի: Շուտով նրա հագուստը պատառոտվեց, և ծվեն-ծվենի հետևից թափվեց նրա մարմնից: Եվ երբ արևը նորից սկսում էր ջերմացնել, դուրս էր գալիս աղջնակն ու նստում ծառի տակ՝ վերարկուի պես բոլոր կողմերից ծածկող երկար վարսերով:
Այսպես նստում էր նա, մինչ տարիները հաջորդում էին մեկմեկու՝ ճաշակելով աշխարհի ցավն ու վիշտը: Մի անգամ, երբ ծառերը կրկին թարմ կանաչ էին հագել, այդ երկրի թագավորը որս էր անում անտառում՝ մի քարայծի հետքին ընկած, և երբ կենդանին փախավ բացատն օղակող թփերի մեջ, նա իջավ ձիուց և թրով մացառները հատելով՝ ճանապարհ բացեց իր համար: Երբ վերջապես դուրս եկավ, դրանց միջով տեսավ չքնաղագեղ մի աղջկա, որ նստել էր ծառի տակ՝ մինչև ոտքերի ծայրը ոսկեգույն մազերով ծածկված: Նա կանգ առավ և ապշահար նայեց աղջկան, ապա խոսքն ուղղեց նրան:
– Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես նստել այս թավուտում:
Սակայն նրա հարցն անպատասխան մնաց, չէ՞ որ աղջիկը չէր կարող բերանը բացել: Թագավորը շարունակեց․
– Կուզե՞ս ինձ հետ ամրոցս գալ:
Այդժամ աղջիկը պարզապես թեթևակիորեն գլխով արեց։
Թագավորն իր ձեռքերի մեջ առավ նրան, տարավ իր ձիու մոտ, նրա հետ դեպի տուն արշավեց, իսկ թագավորական ամրոց ժամանելուն պես հրամայեց գեղեցիկ զգեստներ հագցնել նրան և լիուլ ապահովեց նրան: Ու թեև աղջիկը խոսել չգիտեր, այնքան գեղանի էր ու հմայիչ, որ գերեց արքայի սիրտը, և երկար ժամանակ չանցած ամուսնացավ նրա հետ:
Շուրջ մեկ տարի անց թագուհին լույս աշխարհ բերեց մի տղա։ Եվ այդ գիշեր, երբ նա մենակ պառկած էր անկողնում, նրան հայտնվեց Կույս Սարիամը և ասաց.
– Եթե ճշմարտությունն ասես ինձ ու խոստովանես, որ բացել ես արգելված դուռը կբանամ շուրթերդ և կվերադարձնեմ քեզ խոսելու կարողությունը, բայց եթե կառչես մեղքիցդ և համառորեն հերքես այն, ինձ հետ կտանեմ նորածին զավակիդ:
Ապա թագուհին պատասխան տալու հնարավորություն ստացավ, սակայն նա շարունակեց իրենը պնդել.
– Ո՛չ, ես չեմ բացել արգելված դուռը:
Եվ Կույս Մարիամը նրա ձեռքից վերցրեց նորածնին ու չքացավ: Առավոտյան, երբ երեխային ոչ մի տեղ չգտան, մարդկանց մեջ դժգոհության ալիք բարձրացավ, իբր թագուհին մարդակեր է և իր սեփական երեխային է սպանել: Նա լսում էր ամեն ինչ, բայց չէր կարող որևէ կերպ հակադարձել, իսկ թագավորը չէր ուզում հավատալ դրան, որովհետև անչափ սիրում էր նրան:

Մեկ տարի անց թագուհին ևս մեկ որդի լույս աշխարհ բերեց: Գիշերը կրկին Կույս Մարիամը նրա մոտ մտավ և ասաց․
– Եթե ընդունես, որ բացել ես արգելված դուռը, կվերադարձնեմ քեզ առաջնեկիդ ու կարձակեմ լեզվիդ կապերը, բայց եթե կառչես մեղքիցդ և ուրանաս այն, ինձ հետ կտանեմ նաև այս նորածին զավակիդ․
– Թագուհին կրկին այսպես պատասխանեց․
– Ես չեմ բացել արգելված դուռը։
Կույս Մարիամը նրա ձեռքից վերցրեց նորածնին ու իր հետ երկինք տարավ։
Առավոտյան, երբ երեխան նորից անհետացել էր, մարդիկ բացեիբաց ասում էին, որ թագուհին է կերել նրան, իսկ արքունական խորհրդականները պահանջում էին դատաստան տեսնել նրա հետ: Թագավորը, սակայն, այնպես էր սիրում կնոջը, որ չէր ուզում հավատալ դրան և հրամայեց խորհրդականներին այլևս բառ անգամ չարտաբերել այդ մասին՝ սպառնալով մահացու կտտանքների ենթարկել նրանց:

Հաջորդ տարի թագուհին սիրունիկ դստրիկ լույս աշխարհ բերեց, և երրորդ անգամ Կույս Մարիամը գիշերը հայտնվեց նրան ու ասաց. «Հետևիր ինձ»: Աստվածամայրը բռնեց թագուհու ձեռքը, երկինք տարավ նրան և ցույց տվեց նրա երկու ավագ զավակներին, որ խաղում էին գլոբուսով ու ժպտում նրան: Մինչ թագուհին բերկրանքով նայում էր նրանց, Կույս Մարիամն ասաց․
– Մի՞թե սիրտդ այդպես էլ չփափկեց: Եթե ընդունես, որ բացել ես արգելված դուռը, քեզ կվերադարձնեմ երկու որդյակներիդ: Սակայն թագուհին երրորդ անգամ պատասխանեց.
– Ո՛չ, ես չեմ բացել արգելված դուռը:
Այդժամ Կույս Մարիամը նորից երկիր իջեցրեց նրան՝ վերցնելով նաև երրորդ զավակին:
Առավոտյան, երբ լուրը հայտնի դարձավ, մարդիկ աղմուկ-աղաղակ բարձրացրին․
– Թագուհին մարդակեր է․ պետք է մահապատժի ենթարկել նրան։
Եվ թագավորն այլևս անկարող էր ընդդիմանալ խորհրդականներին։
Թագուհուն դատեցին, և քանզի նա պատասխան չէր տալիս ու չէր կարողանում պաշտպանել իրեն, վճռեցին խարույկի վրա այրել նրան: Ցախակույտ հավաքեցին, և երբ ամուր կապված թագուհու շուրջը կրակը սկսեց բարձրանալ, հպարտության պինդ սառույցը հալվեց, ու զղջումից նրա սիրտը շարժվեց: Նա մտածեց. «Եթե միայն կարողանայի մահից առաջ խոստովանել, որ բացել եմ դուռը»: Այդժամ նա լեզու առավ և բարձրաձայն հայտարարեց.
– Այո, Մարիա՛մ, ես բացել եմ այն։
Եվ նույն պահին երկնքից անձրև թափվեց՝ մարելով խարույկը․ լույս ընկավ թագուհու վրա, ու իջավ Կույս Մարիամը, որի երկու կողմում նրա որդյակներն էին, իսկ գրկում՝ նորածին դստրիկը:
Նա քնքշորեն դիմեց թագուհուն․
– Նա, ով ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար, արժանի է ներման:
Եվ Մարիամը հանձնեց է նրա երեք զավակներին, արձակեց նրա լեզվի կապերն ու երջանկություն պարգևեց ողջ կյանքի համար:

«Սուրբ Ծննդյան պատմություններ» գրքից
(Երևան, 2023 թ․)

Հավանեցի՞ր. տարածիր