Մենք ենք, մեր սարերը

Ստեփանակերտի մուտքի մոտ բլրի գագաթից ճանապարհին է նայում «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողը, որ ժողովուրդը կոչում է նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», «Մամիկ-պապիկ» անվանումներով։

Հուշարձանը տեղադրվել է 1967 թ․։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Ծնունդով արցախցի Սարգիս Բաղդասարյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Երևանում: Նրա հայտնի աշխատանքներից է նաև Ավետիք Իսահակյանի արձանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում: Իսկ Յուրի Հակոբյանը եղել է ԼՂԻՄ-ի գլխավոր ճարտարապետը։

Հայկական կարմիր տուֆից պատրաստված կոթողը խորհրդանշում է հողի և ժողովրդի արմատների կապը։ Տարեց արցախցի ամուսինները, ուս ուսի տված, վեհ կեցվածքով ու սևեռուն հայացքով նայում են հայրենի հորիզոնին։ Արցախցիների միայն գլուխն է երևում, որովհետև ամբողջ մարմնով ձուլված են իրենց լեռներին։

Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:

Հուշարձանը երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին կոթողն է, որ այլ կերպ անվանում են նաև Երկարակյացների հուշարձան:

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն ասում էր, որ պատկերել է իր իսկ տատին ու պապին՝ տատն իր ավանդական հանդերձանքով պապի կողքին կանգնած։

Հավանեցի՞ր. տարածիր