«Մտապահի՛ր» – հիշողության խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագրի ներքո ներկայացված են «Գտի՛ր տառը», «Պահմտոցի», «Երկրաչափիկ», «Գունապնակ» խաղերը, որոնք ունեն ընդհանուր առաջադրանք՝ մտապահելու էկրանին՝ աշխատանքային տախտակի վրա, հայտնված պատկերները, դրանց տեղերը և հետո հիշողությամբ գտնելու պատկերների զույգերը, ինչը, անշուշտ, ունի հիշողությունը մարզելու նպատակ: Սակայն ընդհանուր այս նպատակից բացի՝ խաղերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի՝ պայմանավորված պատկերների թեմատիկայով և դիդակտիկական հնարավորություններով. առաջին դեպքում որպես խաղարկվող պատկերներ առաջարկվում են տառապատկերներ, երկրորդ դեպքում՝ թվեր, երրորդ դեպքում՝ երկրաչափական պատկերներ, չորրորդ դեպքում՝ գույներ: Հետևաբար մի կողմից՝ յուրաքանչյուր դեպքում պատկերային հիշողությունը զարգացնելու տարբեր կողմեր ու տեսակներ են ընդգրկվում, մյուս կողմից՝ խաղը, որպես ուսումնաօժանդակ միջոց, հնարավորություն է ունենում նպաստելու տառերի, թվերի, երկրաչափական պատկերների և գույների ուսուցման գործընթացին:

«Մտապահի՛ր»խաղը նպաստում է տեսողական հիշողության զարգացմանը: Այն կազմված է հաջորդական մի քանի քայլերից՝ աստիճանական բարդացման ու ընդլայնման սկզբունքով. յուրաքանչյուր փուլում էկրանին հայտվում է առարկայական նոր նկար, որն էլ պահանջվում է գտնել առարկաների ընդհանուր շարքում (2-28):

Մեթոդական համապատասխան աշխատանքի դեպքում այս խաղի միջոցով կարելի է հարստացնել երեխայի բառապաշարը՝ բանավոր աշխատանքներ կատարելով բառիմաստի շուրջ՝ հատկանիշներ վերագրել էկրանին հայտնվող առարկաներին, խմբավորել դրանք ըստ իմաստային դաշտերի, ընդհանուր և մասնավոր իմաստներ ունեցող բառերն անվանել ու առանձնացնել և այլն:

Կարող է կիրառվել թե՛ նախադպրոցականների, թե՛ տարրական դասարանների աշակերտների կողմից:

Հավանեցի՞ր. տարածիր