Ով ստեղծեց շախմատը

Ինչպե՞ս կկառավարի իր երկիրն այն արքան,

Որը շախմատ խաղալ չգիտի…

Հնագույն իմաստություն

Պատմում են՝ Սետու անունով մի հնդիկ իմաստուն է հորինել շախմատը, որպեսզի դաժան ռաջա Շերամ-Շիհրանին սովորեցնի լավ վերաբերվել իր հպատակներին: Այդ խաղում, եթե «ռաջան» գերի էր ընկնում, նրա պետությունը ոչնչանում էր: Եվ վտանգի պահին ռաջային կարող էին փրկել միայն իր հավատարիմ պահապաններն ու օգնականները՝ մյուս խաղաքարերը:

Ռաջա Շերամ-Շիհրանը հիացավ նոր խաղով: Նա հասկացավ խաղի իմաստն ու խոստացավ այլևս դաժան չվարվել իր հպատակների հետ:

–  Դու քո նոր խաղով ինձ մեծ ուրախություն պարգևեցիր: Ասա՛, ի՞նչ նվիրեմ քեզ: Ես կկատարեմ քո բոլոր ցանկությունները,- ասաց ռաջան իմաստունին:

–  Օ՜, սիրելի՛ ռաջա, այդպես մի՛ ասա. նույնիսկ դու, որ աշխարհի ամենահարուստ տիրակալն ես, չես կարող իմ ցանկությունը կատարել:

Ռաջան մռայլվեց ու խիստ ձայնով ասաց.

– Խոսի՛ր, թեկուզ թագավորությանս կեսն ուզես: Չէ՞ որ խոստացել եմ…

Իմաստուն Սետուն ասաց, որ իր ուզած պարգևն ընդամենը… ցորեն է:

Նա առաջարկեց տախտակի առաջին վանդակին դնել մեկ հատիկ ցորեն, երկրորդին՝ երկու, երրորդին՝ չորս հատիկ, չորրորդին՝ ութ, և այդպես կրկնապատկելով հատիկների թիվը՝ հասնել 64-րդ վանդակին:

Ռաջան քմծիծաղ տվեց. «Իբր ի՜նչ մեծ բան է ուզածդ»:

Ապա կանչեց ծառաներին ու հրամայեց.

– Մի երկու պարկ ցորե՛ն բերեք այստեղ:

Մինչ երկու պարկ ցորենը կբերեին, պալատական մաթեմատիկոսները տարակուսած մոտեցան ռաջային, գլուխները խոնարհեցին ու ասացին.

– Համարձակվում ենք ասել, որ հաշվարկները ցույց տվեցին իմաստուն Սետուի ուզած ցորենի հսկա քանակությունը. 9223372036854775808 հատիկ (9 կվիննտիլիոն 223 կվադրիլիոն 372 տրիլիոն 36 միլիարդ 854 միլիոն 775 հազար 808): Այդ քանակի ցորեն ամբողջ Հդկաստանից էլ չես հավաքի: Այդքան ցորենը կբավականացնի ամբողջ բնակչությանը 100 տարի կերակրելու համար:

Ռաջան ընկավ մտքերի մեջ. նա չէր պատկերացնում, որ հապճեպ տված խոստումն իրականացնել չի կարող: Այսպիսով իմաստուն Սետուն ևս մի դաս տվեց ռաջային՝ երբեք չմտածված խոստումներ չտալ:

Հավանեցի՞ր. տարածիր