Սելիմի քարավանատունը

Երբ 13-րդ դարի կեսերին Հայաստան են ներխուժում մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժում: Ավելին՝ տեղի իշխանները՝ խորագետ Օրբելյանները, իմաստուն դիվանագիտությամբ Չինգիսխանի թոռից ոչ միայն հետ են վերցնում իրենց հողերը, այլև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, շինարարությամբ:

Դեռ շատ հնուց այստեղով անցնում էր Մետաքսի ճանապարհը, որն առևտրային երկա՜ր-երկար մայրուղի էր՝ Արևելյան Ասիայից մինչև Միջերկրական ծով: 13-րդ դարում կրկին ակտիվանում է առևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքում հատուկ շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Եվ ահա 1332 թ.՝ Չեսար Օրբելյանի իշխանության օրոք, կառուցվում է Սելիմի քարավանատունը՝ հանգիստ առնելու կեցավայր Արևմուտք մեկնող քարավանների համար:

Սելիմի քարավանատունը գտնվում է ներկայիս Վայոց ձորի մարզում՝ Սելիմի լեռնանցքի հարավային լանջին: Շինությունը ձգվում է 35,5 մետր: Կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթև տանիքը պատված է մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին:

Քարավանատունը կառուցվել է այն ժամանակների գյուղական տան նմանությամբ: Դա վերաբերում է հատկապես գլխավոր դահլիճին, որն ուղղանկյունաձև մեծ սենյակ է՝ յոթ զույգ կամարակալներով բաժանված միջին և կողային մասերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկներից: Կան առանձնասենյակներ մարդկանց համար և ախոռներ, ուր պահվում էին ուղտերը: Սակայն միաժամանակ, շենքը հարևան կառույցներից առանձնացնելու և նրան ավելի գեղեցիկ տեսք տալու նպաըակով, ճարտարապետները քարավանատան մուտքի վերնամասը հարդարում են աստիճանաձև զարդաքանդակով: Իսկ հյուրանոցի շքամուտքի երկու կողմերում ուշագրավ պատկերներ են՝ ցուլ և մարդու դեմքով առյուծ` թագը գլխին: Սելիմի քարավանատունը միջնադարյան Հայաստանի կյանքին վերաբերող քարե վկայարաններից մեկն է մեր հայրենիքում:

Հավանեցի՞ր. տարածիր