Սոսի

Սոսին (չինարի) հսկա ծառ է՝ մինչև 50 մետր բարձրությամբ և 2-3 մետր տրամագծով: Այն հիմնականում կեղևազուրկ է, ցողունը՝ կանաչամոխրագույն է: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Իսկ ծաղիկները մանր են, երկար կոթուններով:

Սոսին սիրում է ջերմություն, լույս և խոնավություն: Այն երկարակյաց ծառ է. ապրում է ավելի քան 2 հազար տարի և աճում է չափազանց արագ: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է:

Հայտնի է սոսու մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին թերակղզի: Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինն իր բնական միջավայրում կգտնեք Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում: Իսկ թխկիատերև սոսին ներմուծված է և հանդիպում է ամենուր: Հնադարում Հայաստանի մայրաքաղաք Արմավիրը հռչակված էր նաև իր Սոսյաց անտառով:

Մեր հայրենիքի ամենահին և ամենամեծ սոսին գտնվում է Արցախում՝ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում: Դա հայտնի Տնջրին է, որն ամենատարեցն էր ողջ Խորհրդային Միության տարածքում: Հսկա ծառի սաղարթի ստվերը տարածվում է ավելի քան 1400 մետր քառակուսի:

Այս ծառի փչակում կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Տնջրին ունի մոտ 18 հարկանի շենքի բարձրություն։ Մոտակայքից բխում է սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ և՛ ծառն է սնել, և՛ հագեցրել անցորդի ծարավը: Հորդառատ աղբյուրն անգամ ջրաղացի քար է շարժել։

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար: Ի դեպ, ժամանակի ընթացքում սոսին դարձել է նաև անձնանուն՝ Սոս տարբերակով: Սոսին նվիրական ծառ է քրիստոնյաների համար: Ավանդության համաձայն՝ երբ Քրիստոսին որոնում են բանտարկելու նպատակով, Նա պահվում է սոսու սաղարթների մեջ։ Հետապնդողները մոտենալիս ծառի վրայից կկվի ձայն են լսում: Կարծելով, որ եթե մոտակայքում մարդ լիներ, կկուն չէր թառի ծառին՝ նրանք հեռանում են: Եվ Քրիստոս օրհնում է սոսին, որպեսզի այն տարին բոլոր դալար մնա:

Հավանեցի՞ր. տարածիր