Սուրբ Շուշանիկ՝ առաքինի հայուհու տիպարը

Կնոջ իրավունքների և ազատությունների մասին Եվրոպայում սկսեցին խոսել միայն 19-րդ դարի վերջերին, իսկ հայ իրականության մեջ դրանից շա՜տ դարեր առաջ արդեն քաջ և արժանապատիվ կանանց բազմաթիվ տիպարներ կային, որոնցից շատերին Եկեղեցին մինչև իսկ սրբադասել է։

Մանկությունից սկսյալ եկեղեցասեր և բարեպաշտ էր նա: Եվ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, չէ՞ որ Շուշան-Վարդենին սուրբ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր, իսկ մեծացել ու կրթվել էր Սահականույշ տատի՝ Սահակ Պարթև հայրապետի դստեր տանը՝ լի քրիստոնեական բարի ու առաքինի շնչով։

Շուշանը ամուսնացել էր վրաց Աշուշա բդեշխի որդուն՝ Վազգենին: Սակայն, դժբախտաբար, այդ ամուսնությունը դարձավ նրա կյանքի փշե պսակը:

Վարդանանց նահատակությունից հետո Վազգենը գնաց Պարսկաստան և, ընդունելով պարսկական կրակապաշտությունը, կամովին ուրացավ Քրիստոսին: Նա, անառակ ցանկությունից մղված, այնտեղ իր համար երկրորդ կին ուզեց և պարսից մոգպետի առաջ խոստացավ, թե իր քրիստոնյա կնոջն ու երեխաներին նույնպես կդարձնի կրակապաշտ: Երբ Շուշանը լսեց այս լուրը, շատ արտասուք թափեց, բայց քրիստոնյա նախնիների արյան կանչը նրան քաջություն տվեց:

Իր սիրելի զավակների հետ Շուշանն ապաստանեց եկեղեցուն մոտ մի տնակում՝ հրաժարվելով վերադառնալ պալատ և ընդունել ամուսնուն:

Սբ. Շուշանը անդադար աղոթում էր լացով ու ողբով՝ նախ Աստծուց զավակների հոգիների փրկություն խնդրելով, իսկ իրեն հոգու արիություն, որովհետև լավ գիտեր ամուսնու դաժանությունն ու կոպտությունը: «Ես պատրաստ եմ բանտի, կապանքների և ամեն տեսակի կտտանքների, որով պիտի նեղի ինձ ուրացողը,- ասում էր բարեպաշտ կինը,- քանզի Աստծով եմ կենդանի և նրա Քրիստոս Որդու անվան համար էլ կմեռնեմ և չեմ թողնի իմ հայրերի ավանդությունը և հավատքը մեր հայոց Լուսավորչի»:

Սբ. Շուշանին դժվարությամբ համոզեցին պալատ վերադառնալ, սակայն ապարդյուն անցան նրան հավատուրացության մղելու բոլոր միջոցները: Վազգենը սկսեց ծեծել ու չարչարել նրան, մինչև իսկ բանտ նետեց՝ տալով միայն գարեհաց ու ջուր և արգելելով՝ որևէ մեկը մոտը մտնի և վերքերը դարմանի:

Տարիներ անցան: Ջոջիկ իշխանի խնդրանքով Վազգենն ի վերջո թույլ տվեց, որ Շուշանի պարանոցի շղթան հանեն, որպեսզի կարողանար գլուխը գոնե կաշվե բարձի վրա դնել ու մի փոքր հանգստանալ: Սակայն սրբուհին իր համար բերած գարեհացն ու ջուրն էլ էր շատ համարում և երբեմն շաբաթով ծոմ էր պահում:

Բանտարկության յոթերորդ տարում Սբ. Շուշանը հիվանդացավ՝ սաստիկ տանջանքներից հյուծված ու մաշված: Նա մարտիրոսական մահվամբ կնքեց իր առաքինի կյանքը նույն այդ բանտում։

Սրբուհին թաղվեց Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) միջնաբերդում:

Հավանեցի՞ր. տարածիր