Սևանա լիճը

Դավիթ Մլհամյան

6-րդ դասարան

Ամռանը ընտանիքով հաճախ ենք գնում Սևան: Կապուտակ ծովակը մեզ իր գիրկն է կանչում: Հուլիսին օրերն այնքան տաք են, որ ավազի վրա չես կարող ոտաբոբիկ երկար կանգնել. պիտի վազես, որ ոտքերդ չայրես: Նետվում ենք ջուրն ու ալիքների հետ կռիվ տալիս, իբր լողում ենք: Ես լողալ դեռ չգիտեմ. ավելի շատ տանջվում եմ ջրում, քան լողում. այսպես է ասում մայրս: Բայց ինձ շատ է դուր գալիս այդ «տանջանքը»․ թե թույլ տան, ջրից դուրս չեմ գա:

Լճից ելնում ենք և դողալով ու կապտած շրթունքներով մեկնվում ափին, ամբողջ մարմնով գրկում տաք ավազն ու վայելում ամառային ջերմ արևի ճառագայթները:

Ես ու քույրերս վայելում ենք լիճը, իսկ այդ նույն պահին մեծերը զբաղված են խորովածի պատրաստությամբ. հայրս ոգևորված պարծենում է իր ձեռքով դրած «բաստուրմայով», որը նախապես բաժանում են կտորների և տրորում աղով, սև ու կարմիր պղպեղներով, սարի համեմով, կտրատած սոխով ու չորացած կանաչիով: Համեմունքների անուշ բույրը դիպչում է քիմքիդ, հայրս մի փոքր էլ իր սերն է ավելացնում համեմունքին, և երկու ժամ անց՝ խորովածն արդեն պատրաստ է: Մայրս սուփրան է գցում: Նա էլ իր գործն է իրեն հատուկ ոգևորությամբ անում: Լվացած բանջարեղենն է շարում ափսեների մեջ, մրգերը տեսակ-տեսակ, պանիրը, լավաշը ու աղը․ սուփրան պատրաստ է:

Անհնար է դիմադրել խորովածի բույրին, մանավանդ երբ լճից դուրս ես գալիս: Սևանը գեղեցիկ է օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Ամեն անգամ փոխում է իր գույնը, նոր երանգներ հագնում, ասես սեթևեթ աղջիկ լինի։ Լսել եմ, որ լիճը գունափոխվում է օրական յոթ անգամ։

Կապույտի մեջ տեղ-տեղ փրփրած ալիքներն են ափ շտապում․ մեկը հասնում է, մյուսը հետ մնում ու անհետանում, և այսպես անդադար: Ժամերով կարելի է հետևել կոհակների խաղին: Մե՛կ հարձակվում են ափամերձ ավազների վրա, մե՛կ նահանջում՝ պատրաստ կրկին հարձակվելու:

Սևանը կայուն բնավորություն չունի․ նա շատ փոփոխական է․ մե՛րթ հանդարտ է, անալիք, հայելանման, մե՛րթ կարող է փրփրել ու ժայռերին զարնվել, ծեծել ու ծեծվել՝ իր բախտի նման: Ասես դարերի հետ ընդօրինակել է հային․ գիտի լռել ու իր ցավերի մեջ լուռ տապակվել: Գիտի նաև ճչալ, բղավել ու չենթարկվել:

Իմ սիրո՜ւն ծովակ, Գեղամա՜ ծովակ, ես սիրում եմ քեզ ինչպես ինքս ինձ: Չեմ թողնի, որ քեզ վնասեն, աղտոտեն, չեմ թողնի՝ հիվանդանաս, պակասես, ջրերդ քաշվեն․ ես քո պաշտպանն եմ, քո ու հայրենիքիս:

Սևանն է ոռոգում Արարատյան դաշտը, սնուցում ու ապրեցնում գյուղը, հիացնում ու զարմացնում եկվորին: Մեր լիճը նաև խելացի է․ երբ տեսնում է, որ մարդիկ շատ անտարբեր են, ինքն է զբաղվում իր մաքրմամբ: Նրան այս հարցում օգնում է Հրազդան գետը: Սա հոսուն լճերի հատկություններից է, որից օգտվելու հնարավորությունը Սևանը երբեք բաց չի թողնում: Այդպես նա մարդկանց էլ խորհուրդ է տալիս չմոռանալ իրենց բանականության մասին ու օգտագործել այդ անփոխարինելի հատկությունը՝ հօգուտ բնության պահպանման:

Մի՛ եղիր ուրագի պես միշտ դեպի քեզ, միշտ դեպքի քեզ:
Եղիր սղոցի պես
մե՛կ դեպքի քեզ, մե՛կ դեպի մեզ:

Կարծում եմ, որ եթե կապուտաչյա գեղեցկուհին լեզու ունենար, հենց այս հայտնի խոսքերը կասեր: Պապս պատմում է, որ մեծ ուռկան ուներ ու Սևանից ձուկ էր որսում: Այդ ձուկը կերակրեց պապերիս, ապրեցրեց, մինչև որ քարից հաց քամող հայը լեռնային ծննդավայրս այգեստան դարձրեց: Այժմ ժամանակն է, որ մենք խնամենք Սևանն ու միասին ապրենք:

Հավանեցի՞ր. տարածիր