Քեոփսի բուրգը

Եգիպտական բուրգերից ամենամեծը և խորհրդավորը Խուֆու (հունարեն՝ Քեոփս) փարավոնի բուրգն է: Հսկայական չափերով կառույցը զարմացնում ու հիացնում է դիտողին: Շուրջ քսան երկարուձիգ տարիների տքնաջան ու տաժանակիր աշխատանքի արդյունքում է կառուցվել Քեոփսի բուրգը (Ք. ծ. ա. մոտ 2580 թ.):

Քեոփսը Եգիպտոսի Հին թագավորության IV արքայատոհմի երկրորդ փարավոնն է (Ք. ծ. ա. մոտ 2589-2566 թթ. կամ Ք. ծ. ա. մոտ 2551-2528 թթ.): Պահպանվել են Քեոփսի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող տարեգրության մնացորդներ և Սինայի թերակղզու բնակիչների նկատմամբ տարած հաղթանակը պատկերող խորաքանդակ: Հայտնաբերվել է նաև Քեոփս փարավոնին պատկերող մի նրբաքանդակ փղոսկրե արձանիկ, որն ունի 7,5 սմ բարձրություն: Հույն պատմիչ, պատմահայր Հերոդոտոսը Քեոփսին նկարագրում է որպես բռնակալ և կեղեքիչ փարավոն:

Քեոփսի բուրգն ուներ մոտ 147 մ բարձրություն (գագաթն ավերվելու պատճառով բուրգն այժմ ունի մոտ 137 մ բարձրություն), իսկ կողմերից յուրաքանչյուրի երկարությունը մոտ 233 մ է: Բուրգի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելու համար պետք է հատել մոտ մեկ կիլոմետր տարածություն:

Ըստ գիտնականների հաշվումների՝ բուրգը կառուցվել է մոտ 2 միլիոն 300 հազար կրաքարի սրբատաշ քարասալերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր ավելի քան երկու տոննա, իսկ ամենամեծը՝ մոտ 63 տոննա: Հմտորեն հղկված քարերն այնպես վարպետորեն են իրար միացված, որ դանակի շեղբը հնարավոր չէ մտցնել դրանց արանքը: Միայն զարմանալ կարելի է, որ նման աշխատանքը եգիպտացի վարպետները կատարել են պարզունակ աշխատանքային գործիքներով: Քարհանքերը գտնվում էին Նեղոսի աջ ափին՝ մայրաքաղաք Մեմփիսից ոչ հեռու: Ըստ ընտրված քարաբեկորի չափսերի՝ բանվորները ժայռի մեջ ակոսներ էին փորում, ապա այդ ակոսներում ծանր մուրճի հարվածներով խրում-ամրացնում էին չոր փայտե սեպեր, որոնց վրա շուտ-շուտ ջուր էին լցնում: Փայտե սեպերը թրջվելով սկսում էին ուռչել, մեծացնում էին ճեղքերը, ապա ժայռաբեկորը պոկվում էր: Պապիրուսից հյուսված հաստ ճոպանների օգնությամբ ժայռաբեկորները դուրս էին բերում քարհանքերից: Հմուտ քարտաշներն ու հղկող վարպետները փայտե, քարե ու պղնձե պարզունակ աշխատանքային գործիքներով մշակում էին ժայռաբեկորները, դրանք դարձնում սրբատաշ սալաքարեր, որոնք տեղափոխվում էին բուրգի շինհրապարակ: Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի (Ք. ծ. ա. մոտ 485 – 425 թթ.)՝ այդ քարակտորներն ունեին 9 մ ու ավելի երկարություն, և ավելի քան քսան տարի տևած շինարարության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ փոխվել են շինարարները, որոնց թիվը կազմել է մոտ 100 հազար մարդ: Աստիճան առ աստիճան շինարարները բարձրացրել են հսկա բուրգը: Երբ բուրգի շարվածքն ավարտվել է, դրա աստիճանները վերից վար երեսպատվել են հղկված սրբատաշ քարասալերով:

Խոշորազանգված քարասալերը վեր բարձրացնելու համար պատրաստվել են թեք հողաթմբեր: Դրանց վրայով շինարարները ճոպանների կիրառմամբ քաշում էին ծանրակշիռ շինաքարերը, որոնք փայտե լծակներով դրվում էին իրենց տեղում: Բուրգի բարձրացմանը համընթաց հողաթմբերը վերածվում էին հողաբլուրների, որոնք բուրգի կառուցման ավարտին հարթեցվել են:

Քեոփսի բուրգի մուտքը գտնվում է հյուսիսային կողմում՝ գետնից մոտ 14 մ բարձրությամբ: Բուրգի ներսում կան մի քանի սրահներ․ դրանցից ամենամեծը, որը հավանաբար նախատեսված է եղել փարավոնի աճյունի համար, ունի 10,6 x 5,7 մ չափսեր և գտնվում է բուրգի հիմքից 42,5 մ բարձությամբ: Ժամանակին բուրգն ունեցել է նաև քարե շրջապարիսպ՝ մոտ 3 մ հաստությամբ:

Բուրգերի գագաթներին տեղադրվել է բրգաձև հղկված գրանիտե քարաբեկոր՝ պիրամիդիոն: Եգիպտական բուրգերից ոչ մեկի գագաթի պիրամիդիոնը չի պահպանվել: Հայտնաբերված մի քանի պիրամիդիոններ պահպանվում են Կահիրեի Եգիպտական թանգարանում: Սովորաբար բուրգերի գագաթների պիրամիդիոնները, որոնք ունեին 15 մ բարձրություն, ոսկեզօծվում էին, ինչի շնորհիվ դրանք հուրհրատում էին արևի ճառագայթներից: Քեոփսի բուրգի գագաթին ևս տեղադրվել էր ոսկեզօծ պիրամիդիոն:

«Հին աշխարհի 7 հրաշալիքները․ զանազանք և հայկականք»
(հեղ․՝ Ա․ Մալոյան, Մ․ Մակարյան)

Հավանեցի՞ր. տարածիր