Ֆոտոյի գյուտը

Լուսանկարչության կամ ֆոտոյի գյուտը հնարավոր է դարձել մի քանի այլ հայտնագործությունների համադրման արդյունքում, որոնք կատարվել էին շատ ավելի վաղ։

1694 թվականին Վիլհերմ Հոմբերգը նկարագրեց ֆոտոքիմիական ռեակցիաները, երբ նյութերը փոխում են իրենց գույնը լույսի ազդեցությամբ։ Նա ուշադրություն հրավիրեց նաև արծաթի նիտրատի լուսազգյունության վրա, որը բացահայտել էր գերմանացի աստվածաբան Ալբերտ Մեծը դրանից դեռ երեք դար առաջ։

1802 թվականին արդեն Թոմաս Վեջվուդն ու Հեմֆրի Դևին արծաթի օգնությամբ կարողանում էին ստանալ լուսանկարներ, բայց չգիտեին՝ ինչպես դրանք ֆիքսել, «քարացնել»։ Այդ հարցում առաջին գործնական հաջողությունն ունեցավ Ժոզեֆ Նյեպսը՝ հայտնագործելով հելիոգրաֆիան։ Մեզ հասած լուսանկարներից ամենահինը թվագրված է 1826-ին և հայտնի է «Տեսարան Լե Գրասի պատուհանից» անվամբ։

Տասնամյակներ անց անգլիացի Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտը հայտնագործեց լուսանկարի ստացման նեգատիվ-պոզիտիվ տեխնոլոգիան, որն անվանեց «կալոտոպիա»։ Արդեն 1840-ականների կեսերին լուսադիմանկարն ամբողջությամբ փոխարինեց դիմանկարային մանրանկարին՝ ստիպելով այդ ուղղության մեծաթիվ նկարիչների վերաորակավորվել որպես լուսանկարիչ։

Շնորհիվ Հանիբալ Գուդվինի՝ 20-րդ դարի սկզբին լուսաթղթին փոխարինեց թերթային և գլանակային ֆոտոժապավենը՝ արծաթի դոնդողային լուսազգա շերտով։

Ինչ վռրաբերում է գունավոր լուսանկարներին, ապա դեռ 1907 թվականին արտոնագրվեցին և ազատ վաճառքի դուրս բերվեցին Լյումիեր եղբայրների «Ավտոքրոմ» լուսազգայուն թիթեղիկները, որոնք թույլ էին տալիս սովորական լուսանկարչական ապարատով ստանալ գունավոր դիապոզիտիվներ։ Իսկ վաղ տեխնոլոգիաների բազմաթիվ թերություններ վերացվեցին բազմաշերտ ֆոտոնյութերի օգնությամբ, որոնք պատկերը գրանցում էին միմյանց վրա դրված տարբեր էմուլսիային շերտերում։ Եվ արդեն 1936 թվականին «Agfa» ընկերությունը թողարկեց շրջունակություն ունեցող ֆոտոժապավենը՝ «Agfacolor Neu»-ն։

Հավանեցի՞ր. տարածիր