Երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին օգնության երեք սկզբունքներն են՝ դիտարկել իրավիճակը, լսել երեխային, ուղղորդել նրան: Այս սկզբունքները պետք է իրագործել հետևյալ կետերով։
- Ամբողջացրե՛ք ձեր տեղեկացվածությունն այն մասին, թե ինչ է կատարվել և կատարվում։
- Կատարե՛ք ապահովության և անվտանգության ռիսկերի գնահատում։
- Պարզե՛ք, թե ում հետ է երեխան կամ արդյո՞ք միայնակ է։
- Պարզե՛ք երեխայի ֆիզիկական վնասվածքները։
- Պարզե՛ք երեխայի հիմնական կարիքները տվյալ պահին։
- Հիշե՛ք, որ հաղորդակցությունը միայն զրույցը չէ: Այն վերաբերում է նաև մարմնի լեզվին, տեսողական շփմանը: Փորձե՛ք հաղորդակցման պահին երեխայի հետ լինել միևնույն ֆիզիկական մակարդակում․ կարող եք նստել կամ ծնկի իջնել։
- Խրախուսե՛ք երեխայի խնամակալին նրա հետ զրուցել տեղի ունեցածի մասին, եթե երեխան ակտիվորեն հարցեր է ուղղում:
- Երեխայի համար արտահայտվելու հնարավորություններ ստեղծեք: Խրախուսե՛ք նրան հարցեր տալու և ձեր գործողություններում փորձեք ուղղորդվել հենց նրա հարցերով: Երեխային տվեք պատշաճ, ազնիվ բացատրություններ և հավաստիացումներ ստեղծված իրավիճակի մասին:
- Ժամանակ տրամադրեք երեխային հույզերը լիովին արտահայտելու՝ նրա պատմությունն ամբողջովին լսելով, և հետո միայն արձագանքեք:
- Հարգե՛ք երեխային, մի՛ խրատեք կամ կոպտեք: Մի՛ մտածեք, թե դուք լավ գիտեք երեխայի կարծիքը:
- Խրախուսեք և աջակցեք երեխայի ջանքերը, հարգանքով խոսեք նրա հետ՝ կիրառելով «խնդրում եմ», «շնորհակալություն» բառերը:
- Նայե՛ք երեխային, երբ նա խոսում է՝ զրույցի ամբողջ ընթացքում ցույց տալով, որ նա ձեր ուշադրության կենտրոնում է։
- Հնարավորության դեպքում հենց երեխայի հետ միասին գնահատեք նրա կարիքները:
- Ապահովե՛ք երեխայի պաշտպանվածությունը՝ հասանելի դարձնելով նրա հիմնական կարիքները հոգացող ծառայությունները:
- Միավորե՛ք երեխային իր սիրելիներին, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ